Էդինբուրգում անչափահասների համար թմրանյութերի ճիշտ օգտագործման մասին բուկլետ է հրապարակվել (լուսանկարներ)
Էդինբուրգում (Շոտլանդիա) «Ալկոհոլ և թմրանյութեր» նախագծի շրջանակում տպագրվել են բուկլետներ, որտեղ 13-ից 25 տարեկանների համար մանրամասն բացատրվում է, թե ինչ է իրենից ներկայացնում թմրանյութը, պատմվում է դրանց տարատեսակների և օգտագործման մասին, ինչպես նաև քրեական պատասխանատվության մասին տեղեկություններ, գրում է Daily Mail-ը։
Բուկլետը ներկայացվել է Էդինբուրգի Ջեյմս Գիլեսփիսի բարձրագույն դպրոցի 15-16-ամյա աշակերտներին, որին կհետևեն նաև մի շարք այլ դպրոցներ։
Մի շարք բնակիչների շրջանում այն աղմուկ է բարձրացրել, քանի որ բուկլետում մի քանի տեղ խորհուրդներ կան այն մասին, որ եթե ի վերջո որոշում կա օգտագործելու թմրանյութ, ապա ինչպես այն ճիշտ օգտագործել։
Բուկլետը քննադատել է նախկին ոստիկան Գրեմ Փիրսոնը, ով գտնում է, որ նման բուկլետները ոչ մի բանով օգտակար չեն։
«Մաքսի Ռիչարդս» թմրանյութերի դեմ պայքարի հիմնադրամի ներկայացուցիչ Ագնես Մորիսոնն ասել է, որ անհնար է խորհուրդ տալ երիտասարդներին, թե ինչպես «ճիշտ օգտագործել» թմրանյութերը, կամ էլ ինչպես անել, որ նվազեցվի դրանց վնասակար ազդեցությունը, քանի որ թմրանյութերը վնասակար են, և անհնար է դրանից պաշտպանվել։
Չնայած հնչեցված հակասական կարծիքներին՝ «Ալկոհոլ և թմրանյութեր» նախագծի աջակիցները գտնում են, որ երիտասարդները, այնուամենայնիվ, այս կամ այն կերպ թմրանյութեր փորձելու են կամ էլ ցանկություն է առաջանալու դրանց մասին տեղեկանալ, այդպիսով՝ առանց դատապարտելու ճշգրիտ տեղեկությունը միայն օգտակար կարող է լինել։











