Էրդողանը բացել է նոր՝ 1000 սենյակ ունեցող նախագահական պալատը (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրերին հանդիսավորությամբ ներկայացրել է Անկարայում գտնվող նոր նախագահական նստավայրը, որն անվանվել է Նախագահական պալատ:
Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, հազար սենյակ ունեցող շինության շքեղությունը զայրացրել է ընդդիմությանը. դրա կառուցման վրա ծախսվել է 270 մլն եվրո:
Էրդողանի քաղաքականության հակառակորդների կարծիքով՝ հուշարձանային այս շինությունը վկայում է Էրդողանի ավտորիտար հակումների մասին:
Շրջակա միջավայրի պահպանությամբ հետաքրքրվողները ևս դժգոհ են համալիրի կառուցումից, քանի որ շինարարության ընթացքում հարյուրավոր ծառեր են հատվել:
Սկզբնական շրջանում պալատը պետք է ծառայեր որպես վարչապետի նստավայր, սակայն Էրդողանի՝ նախագահի աթոռը զբաղեցնելուց հետո կառույցի կարգավիճակը փոխվել է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել էր Թուրքիայում 2014թ.-ին կայացած նախագահական ընտրություններում:











