Fox News-ը Բեն Լադենին սպանողի հետ հարցազրույց կթողարկի
Նոյեմբերին եթեր կհեռարձակվի հաղորդում, որտեղ ԱՄՆ ծովային հետևակի զինվորը, ով սպանել է «համար մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենին, կբացահայտի իր անձը և առաջին անգամ կպատմի գործողության մանրամասները, գրում է «Взгляд»-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի համաձայն՝ «Մարդ, ով սպանել է Ուսամա բեն Լադենին» անվանումով երկու մասից բաղկացած վավերագրական հաղորդումը եթեր կհեռարձակվի այս տարվա նոյեմբերի 11-ի և 12-ի երեկոյան:
Հեռուստաալիքի հաղորդագրությունում նաև նշվում է, որ հաղորդման գլխավոր հերոսը կբացահայտի տեղեկություններ այն մասին, թե ինչպես է այդ գիշեր հանկարծ փչացել ուղղաթիռներից մեկը և ինչու են զինվորներն անհանգստացած եղել իրենց կյանքի համար: Նա նաև մանրամասն կնկարագրի, թե ինչպես է սպանվել «համար մեկ ահաբեկիչը»:
«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին ղեկավար Ուսամա բեն Լադենը սպանվել է 2011 թվականի մայիսին պակիստանյան Աբոթաբադ քաղաքի արվարձանում, ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի գործողության ընթացքում:










