Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը. ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ
Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քուրթ Տոնգը «Ռուսթավի- 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է Грузия Online-ը:
Նա նաև խոսել է Վրաստան-ԱՄՆ Խարտիայի շրջանակներում անցկացվող աշխատանքային հանդիպման մասին: Նրա խոսքով՝ նա արդեն հանդիպումներ է ունեցել երկրի նախագահի և վարչապետի հետ: Զրույցների հիմնական թեման են եղել ներդրումները և ազատ առևտրի հնարավորությունները:
«Մենք անցկացնում ենք աշխատանքային խմբերի հանդիպում: Մտադիր ենք խոսել տարածաշրջանային զարգացման և առևտրային քաղաքականության, ինչպես նաև Վրաստանի տնտեսական մարտահրավերների և Վրաստանի ու ԱՄՆ-ի մասնավոր հատվածների միջև համագործակցության մասին»,- ասել է նա:
Տոնգը հայտնել է, որ նախագահի և վարչապետի հետ հանդիպմանը ծանոթացել է Վրաստանի տնտեսական զարգացման և տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ հետաքրքիր նկատառումներին: «Շատ կարևոր է, որ Ռուսաստանը հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը: ԱՄՆ-ն արդեն վաղուց այդ դիրքորոշումն ունի»- հայտարարել է Քուրթ Տոնգը:










