Արսեն Ավակովը հրապարակել է Կիևում ձերբակալված «օրենքով գողերի» լուսանկարները

11:40 • 30.10.14

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրապարակել է 3 «օրենքով գողերի» լուսանկարները, ովքեր պատկանում են նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաազդեցիկ հանցավոր կլաններին։ Նրանք հավաք էին կազմակերպել Կիևի էլիտար ռեստորաններից մեկում, գրում է comments.ua-ն։

 

Facebook-ի իր էջում նախարարը հայտնել է, որ «գողերը» փորձել են լուծել Ուկրաինայում ազդեցության ոլորտի վերաբաշխման հարցը։ «Այդ հավաքը կազմակերպել են Մերաբ Ջանգվելաձեի կլանի մի քանի ներկայացուցիչներ։ Նրանց թվում եղել են՝ 38-ամյա Վաթիա մականունով «օրենքով գողը»՝ Վրաստանի Քութաիսի քաղաքից, 33-ամյա «օրենքով գող» Լավասօղլի Բաթումսկին, ինչպես նաև «Սուխումսկի» կլանի ներկայացուցիչ 43-ամյա Գուգա մականունով «օրենքով գողը»»,- գրել է Ավակովը։

 

Նախարարի խոսքով՝ ձերբակալվածները մտադիր էին իրականացնել ազդեցության ոլորտի վերաբաշխում՝ օգտվելով Ուկրաինայում անկայուն վիճակից։

 

«Մասնավորապես՝ նրանց պլաններում էր էներգետիկ ածուխի մատակարարումների հսկողության հարցը, ինչպես նաև ուղևորափոխադրումների հարցն Ուկրաինայում և սաթի անօրինական արտադրությունը»,- հայտնել է Ավակովը։

 

Հիշեցնենք, որ երեկ Կիևում ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները կանխել են «գողական հավաքը», որը կազմակերպել են 2 ազդեցիկ «օրենքով գողերի» կլանների ներկայացուցիչներ։