Ուկրաինան Ռուսաստանին գազի կանխավճարի երաշխիքներ չի տրամադրել
Ուկրաինան Ռուսաստանին խոստացել է միջոցներ գտնել ձմռանը 4 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումը վճարելու համար, հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է «Взгляд»-ը:
«Հայտարարվել է, որ Ուկրաինան կգտնի այդ միջոցները: Նման բանակցություններ անցկացվել են Եվրահանձնաժողովի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Մեզ հայտարարել են, որ 4 միլիարդ խորանարդ մետր գազի համար Ուկրաինան կգտնի միջոցներ այդ ծավալի գազի կանխավճարն ապահովելու համար»,- ասել է Նովակը:
«Խոսքը երաշխիքների մասին չէ, այլ ուկրաինական կողմի հայտարարությունների, քանի որ, ինչպես հասկանում եք, ոչ մի գրավոր երաշխիք այսօր մեզ չի ներկայացվել: Փող կլինի, կլինի գազ»,- ասել է Նովակը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացել է Ռուսաստան- Ուկրաինա-Եվրահանձնաժողով հանդիպում՝ ռուսական գազի հարցով։ Բանակցությունները տևել են ավելի քան 12 ժամ։










