2-3 օրից կներկայացվեն փոփոխությունները, որոնց դեպքում աշխատող հղի կինը որևէ կերպ չի ունենա իրավունքի ոտնահարում. սոցապնախարար

12:58 • 31.10.14

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի նախագծի փոփոխությանը, որը հարուցեց աշխատող մայրերի դժգոհությունը։ Ըստ նախագծի՝ պետք է կրճատվեր աշխատող հղիների նպաստների չափը և նպաստ տրվեր նաև չաշխատողներին. Նախարարը նկատեց, որ նախագիծն ընդամենն առաջարկություն էր, որը փոփոխության կենթարկվի՝ հարակական քննարկումները հաշվի առնելով: Նախարարը տեղեկացրեց, որ իրականացվում են աշխատանքներ, որ իսկապես աշխատող հղի կինը որևէ կերպ չունենա իրավունքի ոտնահարում: Իսկ փոփոխված նախագիծը, ըստ նրա, սոցիալական հանձնաժողովի քննարկմանը կներկայացվի երկու-երեք օրից:


-Պարո՛ն նախարար, վարչապետի հայտարարությունն ի՞նչ էր նշանակում, Դուք ընդհանրապես հրաժարվում եք Ձեր նախնական հայտարարությունից, թե կա մեխանիզմ, որն ավելի կբավարարի բողոքի դուրս եկած հղիներին:


-Մենք որևէ հայտարարություն չենք արել, որ հրաժարվելու անհրաժեշտություն լինի, մենք ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման. ներկայացրած նախագիծն առաջարկություն էր մեր կողմից արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ: Մենք այս ընթացքում բավականին առարկայական քննարկում ունեցանք, որն իսկապես շատ լավ օրինակ է քննարկումների առումով՝ բոլոր շահագրգիռ շրջանակների հետ, այդ թվում՝ շահառու անձանց, գործատուների, ՏԻՄ-ի, ՀԿ-ների։ Եվ վերջապես խորհրդարանական լսումների շրջանակներում այն բոլոր հարցադրումներն ու մոտեցումները, որոնք ներկայացվեցին, բնականաբար ներառվեցին մեր կողմից ներկայացված նախագծի ամփոփաթերթում: Այսինքն՝ այն բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացվեցին և առարկայական բնույթ են կրում, ներկայումս շատ առարկայական և ինտենսիվ իրականացվում են դրանց վերլուծության փոփոխությունների աշխատանքները: Մտահոգությունը, որ բոլորս ունենք, այն է, որ իսկապես աշխատող հղի կինը, որը եկամուտ է համապատասխան ստանում, չունենա որևէ կերպ այդ իրավունքի ոտնահարում:


-Այսինքն, եթե երկար տարիներ աշխատող կինը ստանում էր իր 100% աշխատավարձը, այժմ էլ նույն ձևով էլ կշարունակի՞ ստանալ:


-Մենք հիմա նախագիծը վերջնական տեսքի ենք բերում, որը տեսքի կգա երկու-երեք օրվա ընթացքում և կներկայացվի ԱԺ սոցիալական հանձնաժողովի քննարկմանը, և այդ շրջանակներում մենք վերջնական բոլոր հարցերին կունենանք պատասխան:

-Այսինքն, ենթադրում ենք, որ կինն իր իրավունքների որևէ ոտնահարում չի ունենա, այսինքն՝ կստանա 100%-ը: Ձեր ասածի տրամաբանությունը դա է հուշում:

-Տրամաբանության հետ կարող եմ համաձայնվել և համարել տրամաբանական:

-Պարո՛ն նախարար, տպավորություն էր, որ վարչապետը մեղքը գցում էր Ձեզ վրա։


-Շատ սխալ տպավորություն է, որովհետև մեղք գցելու որևէ խնդիր չկա. հանրապետության վարչապետը ներկայացրեց իր հստակ մոտեցումը խնդրի հետ կապված, քանի որ ես նշեցի, որ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել։
Այս քննարկումները բնականաբար նաև ենթադրում են որոշակի լուծումներ, որն արտահայտվելու է օրենքի նախագծում և ներկայացվելու է ԱԺ-ին, և ՀՀ վարչապետը ներկայացրեց իր մոտեցումը:


-Կարո՞ղ ենք ենթադրել, որ նոր նախագծից և՛ վարչապետը գոհ կլինի, և՛ հղի կանայք:

-Ձեր հետ միասին մենք կկարողանանք անել այնպիսի քայլեր, որպեսզի ընդհանրապես այն բոլոր անձինք, ովքեր առարկայական շահագրգռվածություն ունեն այս խնդրի ճիշտ հանգուցալուծման համար, բավարարված լինեն լուծումներով:
Կարծում եմ, որ հանրապետության վարչապետն իր մոտեցումները ներկայացնելով՝ առաջին հերթին նկատի ունի այն շահառուներին, այն անձանց, ում խնդիրների լուծման առումով էլ տարվում է համապատասխան աշխատանք: