Հայաստանը պետք է անցնի նոտարի լիարժեք գույքային պատասխանատվության համակարգին. Հովհաննես Մանուկյան

13:21 • 31.10.14

Հայաստանը պետք է անցնի նոտարի լիարժեք գույքային պատասխանատվության համակարգին, երբ քաղաքացին նոտարի ծառայությունների դիմաց պետական տուրք վճարելիս վստահ լինի, որ նոտարը դրա համար պատասխանատվություն է կրում:

 


Այս մասին այսօր Նոտարական պալատի նոր շենքի բացման առիթով կազմակերպված սեմինար-քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ընդգծեց, որ բազմաթիվ օրենքներում պետք է փոփոխություններ արվեն, որպեսզի ոլորտի խնդիրները լուծվեն:


«Նոտարական ոլորտի խնդիրներից է նաև այն, որ երբեմն կառուցապատողները նույն բնակարանը վաճառել են մի քանի անձանց, և հետագայում դատական պրոցեսներ են սկսվել, մարդիկ են դատապարտվել, բայց արդյունքում, ովքեր ֆինանսական վնասներ են կրել, նրանց խնդիրը չի լուծվել: Իսկապես նշանակություն ունի, թե ինչպիսի լիազորություններ ու դերակատարում պետք է ունենա նոտարը, որովհետև սա հանրային գործառույթ է, և դա իրականացնելիս նոտարը պետք է այնպիսի պատասխանատվությամբ և պարտականություններով օժտված լինի, որ հնարավորություն չտա, որ սխալ գործարքներ կնքվեն և իր խորհրդատվությամբ քաղաքացիներին ճիշտ ուղին ցույց տա և այդ ռիսկերը առավելապես նվազեցնի»,-ասաց նա:


Հովհաննես Մանուկյանն ընդգծեց, որ եթե նոտարը իրավունք ունի մարդուն հուշել, ճիշտ ճանապարհ ցույց տալ, պետք է նաև դրա համար պատասխանատվություն կրի, և հենց նյութական պատասխանատվությունը պետք է ամրապնդի նրա այս պարտականությունը:


Դիտարկմանը, թե կոռուպցիոն ռիսկերը ոլորտում մեծ են և Հայաստանում բազմիցս գրանցված բնակարանների կրկնավաճառքները հենց դրանով են պայմանավորված, ի՞նչ մեխանիզմներ են մշակվում դրանք նվազեցնելու ուղղությամբ, նախարարը պատասխանեց. «Կոռուպցիոն ռիսկեր ցանկացած համակարգում կարող են լինել, բայց ասել, որ նոտարական համակարգում դա ահռելի չափերով է կամ շատ մեծ է, ես չեմ կարող համաձայնել: Այո՛, միգուցե ինչ-որ ժամանակ եղել է, բայց հիմա նոտարական համակարգում իրավիճակը բավականին փոխված է, և այն բաները, որ եղել են 5-10 տարի առաջ, նույն այդ բազմակի վաճառքների օրինակով, հիմա նման դեպքի դուք այլևս ականատես չեք լինի: Նաև ստեղծված է նոտարական պալատ, որը հսկողություն է իրականացնում նոտարների գործունեության օրինականության վերաբերյալ, նրանց էթիկական, վարքագծային դրսևորումների նկատմամբ, և կարծում եմ, որ իրավիճակը ամբողջությամբ մենք փոփոխել ենք»:


Նախարարը նշեց, որ իհարկե ոլորտում անելիքները շատ են, բայց դրանք բոլորը օրենքի մակարդակով լուծելի խնդիրներ են:


«Պետք է մեխանիզմներ մշակվեն, որոնք նոտարի պատասխանատվությունն ավելի կբարձրացնեն, ինչպես նաև այն ծառայությունները, որոնք մատուցում են ժողովրդին, կլինեն ավելի արագ ու արդյունավետ: Մասնավորապես՝ էլեկտրոնային համակարգը, մեկ պատուհանի սկզբունքը, երբ մարդը ստիպված չի լինում նոտարական գործարք կատարելու համար վազել մի քանի պետական ատյաններ, հավելյալ թղթեր ու ապացույցներ ներկայացնել նոտարին: Այլ գա նոտարական գրասենյակ, ներկայացնի իր խնդիրը, նոտարը ինքը կատարի բոլոր գործառույթները»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է օրենսդրական բացերին, ապա Հովհաննես Մանուկյանն ընդգծեց, որ մի օրենք, մեկ նախադասություն ավելացնելով՝ հարց չի լուծվի. խնդիրը վերաբերում է բազմաթիվ օրենքների, որոնք պետք է աստիճանաբար իրականացվեն: