Ուլտիմատումներով խոսելը քաղաքական պահանջ չէ. Էդուարդ Շարմազանովը՝ եռյակի պահանջների մասին

21:32 • 31.10.14

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստում քննարկվել են արտաքին քաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել նաև 2015թ.-ի բյուջեին, իսկ փոխվարչապետի թափուր պաշտոնի համար թեկնածության հարց չի քննարկվել:


Անդրադառնալով Ազգային ժողովի ոչ իշխանական երեք ուժի պահանջներին՝ ՀՀԿ խոսնակն ասաց. «Եռյակի պահանջների մասին մի բան կարող եմ ասել, որ ուլտիմատումներով խոսելը քաղաքական պահանջ չէ: Արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ցանկանա՝ պահանջի արտահերթ ընտրություններ: Եթե մարդիկ ուզում են փոփոխություններ, ապա մենք գնում ենք համակարգային փոփոխությունների ճանապարհով, իսկ դրա լավագույն ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են»:


Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ և ՌԴ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի՝ Արցախի ուՂրիմի միջև համեմատություններ անելուն. «Ղարաբաղի խնդիրը պետք չէ որևէ խնդրի հետ համեմատել: Իսկ ինչ վերաբերում է համեմատության եզրին, թե Ղրիմը պատմական տարածք է, ասեմ, որ Արաքսի և Քուռի միացման վայրը Հայաստանն է, դա պատմական աղբյուրներում են վկայակոչվում: Ցանկացած մարդ, ով քիչ թե շատ տեղյակ է Հայաստանի պատմությանը, գիտի, որ Արցախը Հայաստանի պատմական հողն է: Դա ես չէ, որ պետք է ասեմ, դա ինձնից երկու հազար տարի առաջ ասել են հունահռոմեական պատմիչները»: