ՀՀ-ում ԱՄՀ-ի ղեկավարը ողջունում է Կառավարության վճռականությունը` ստվերային տնտեսության խնդրի լուծման հարցում

14:22 • 31.10.14

Ողջունելի է կառավարության և վարչապետի վճռականությունը` ստվերային տնտեսության խնդրին լուծման և խաղի հավասար պայմանների ստեղծման հետ կապված: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսը։


Նա նշեց, որ այդ ուղղությամբ իրականացվելիք շատ քայլեր կարելի է կատարել, ինչը ռազմավարություն է պահանջում:


«Մենք աշխատում ենք Կառավարության հետ հարկային վարչարարության ուղղությամբ, և մենք խրախուսում ենք կառավարությանն իրականացնել բարձր եկամտի, հարստության տեր մարդկանց հարկում»,- ասաց նա և ավելացրեց, որ ԵՄ այլ երկրներ իրականացրել են նման քայլեր, քանի որ դա համատարած խնդիր է, որովհետև մեծ հարստության տեր մարդիկ՝ խոշոր հարկ վճարողները, շատ ռեսուրսների են տիրապետում` հարկերից խուսափելու համար:


Անդրադառնալով փոքր բիզնեսին` Թերեզա Դաբան Սանչեսն ասաց, որ դա մեկ այլ ճանապարհ է ստուգելու, թե ընդհանուր համակարգն ինչպես է աշխատում: «Հարկային վարչարարությունը պետք է հնարավորինս քիչ բեռ առաջացնի փոքր բիզնեսի գործարարության համար, սակայն համագործակցությունը փոքր և միջին ձեռնարկությունների հետ առանցքային նշանակություն ունի»,- ասաց նա և նկատեց, որ փոքր և միջին բիզնեսի մեծ և հիմնական մատակարարները հենց խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են, ուստի տնտեսության բոլոր ուղիները լավ պատկերացնելու համար շատ կարևորվում է հաշիվ ապրանքագրերի անհրաժեշտ պատշաճ համակարգի առկայությունը, ինչպես նաև հաշվետվությունները:


Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավարը ստվերի դեմ պայքարի Հայաստանի կառավարության վճռականությունը նկատել է հենց պաշտոնավորման սկզբում, և դա պայմանավորված չէ միայն նրանց հրապարակային հայտարարություններով, այլ նաև նրանց հետ երկխոսության արդյունքով:


«Մենք այդ խոսքերում տեսնում կամ լսում ենք այդ վճռականությունը, ազատականությունը և աշխատում ենք գործողությունների մեջ դրանք իրականություն դարձնել»,- ասաց նա: Նա նաև ողջունեց խոշոր հարկային տեսչության ստեղծումը: