Մարտ ամսին կորած Boeing-ի ուղևորի երեխաները դատի են տվել Մալայզիայի կառավարությանը

09:36 • 31.10.14

Հնդկական օվկիանոսում այս տարվա մարտ ամսին կորած MH370 չվերթի ուղևորի երկու անչափահաս երեխաները հայց են ներկայացրել Մալայզիայի Գերագույն դատարան, գրում է ТАСС-ը:

 

Որպես պատասխանող կողմ պետք է հանդես գան միգրացիոն և քաղաքացիական ավիացիայի բաժինների ղեկավարները, «Մալայզիական ավիաուղիներ» ընկերության ղեկավարությունը, ինչպես նաև թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատարը, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Star թերթին:

 

Հայցում, մասնավորապես, նշվում է, որ ավիափոխադրողը «խախտել է ավելի վաղ կնքված պայմանագիրը և չի հասցրել իրենց հորը նշանակետ՝ Պեկին»:

 

Բացի այդ, ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները՝ «ձեռնարկել անվտանգ թռիչքի ապահովման համար բոլոր միջոցները»:

 

Ավելի վաղ Today թերթը նշել է, որ դա կլինի կորած Boeing-ի ուղևորների բարեկամների առաջին հայցն իշխանությունների և ավիափոխադրողի նկատմամբ: Սակայն մյուս ընտանիքներն անհրաժեշտ են համարում ժամանակ տալ որոնողական գործողությունը շարունակելու համար: Նրանց կարծիքով՝ տեղի ունեցածի պատճառների մասին ապացույցների բացակայության պայմաններում վաղաժամ է պահանջներ ներկայացնել:

 

239 մարդ տեղափոխող «Մալայզիական ավիաուղիների» Boeing-777-ը մարտի 7-ին չվերթ էր իրականացնում Կուալա Լումպուրից Պեկին, երբ ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է, ինքնաթիռի որոնողական աշխատանքները մինչ այժմ արդյունք չեն տվել: