Կանադայում մտադիր են ցմահ գարեջրով ապահովել իսլամիստից պատգամավորներին փրկած ոստիկանին

14:28 • 31.10.14

Կանադայի խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակից, Օտտավայի ոստիկանության սպա Ալեն Ժերվեին պետք է ցմահ անվճար գարեջրով ապահովել՝ կանադացի օրենսդիրների կյանքը փրկելու համար: Նման առաջարկով հինգշաբթի օրը հանդես է եկել երկրի Նոր դեմոկրատական կուսակցության անդամներից մեկը՝ Գլեն Տիբոն, հաղորդում է ТАСС-ը:

 

Նրա խոսքով, երբ անցած շաբաթ իսլամիստ Մայքլ Զեհաֆ-Բիբոն ներխուժել է խորհրդարանի շենք և կրակոցներ արձակել, Ալեն Ժերվեն, վտանգելով իր կյանքը, ապահովել է խորհրդարանականների անվտանգությունը:

«Իր մարմնով նա փակել է խորհրդակցությունների սենյակի դուռը, որտեղ այդ ժամանակ նիստի էին խորհրդարանի անդամները: Այդ ընթացքում փամփուշտներից մեկը դիպել է այդ դռանը քաջ տղամարդու գլխի կողքին, ով պատրաստ էր իր կյանքը տալ մեզ համար»,- կուսակցության նիստի ընթացքում ասել է Տիբոն:

 

«Այժմ մենք պետք է ուղղակի շնորհակալություն հայտնենք նրան: Օրինակ՝ պետք է այնպես անել, որ մինչև կյանքի վերջ Ժերվեն երբեք չվճարի գարեջրի համար՝ երկրի ցանկացած բարում»,- ասել է խորհրդարանականը:

 

Առաջարկը նրա գործընկերներն ընդունել են հավանության ծափահարություններով: Դեռ, սակայն, պարզ չէ՝ ինչպես են խորհրդարանի անդամներն իրականացնելու իրենց նախաձեռնությունը: