Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է ադրբեջանցի լրագրողի ձերբակալությունը

16:23 • 31.10.14

Նյու Յորքում գտնվող Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել է ադրբեջանական «Ազադլըգ» թերթի թղթակից և «Ադրբեջանական ժամ» առցանց հեռուստածրագրի տեխնիկական տնօրեն Խալիդ Գարաևի ձերբակալությունը. տեղեկացնում է contact.az-ը:

 

Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ իշխանություններն արդեն մի քանի ամիս հետապնդում են «Ադրբեջանական ժամ» ծրագրի աշխատակիցներին, որոնք խիստ քննադատում են երկրի իշխանություններին:

 

Ավելի վաղ ձերբակալվել էր դրա վարող Սեյմուր Խազին, իսկ երկրորդ հաղորդավար Նաթիգ Ադիլովը ստիպված էր եղել երկիրը լքել՝ եղբոր ձերբակալությունից հետո:

 

«Ադրբեջանի կառավարությունը հայտնվել է այն երկրների ցանկում, որտեղ ամենամեծ թվով ձերբակալված լրագրողներն են: Մենք իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել Խալիդ Գարաևին և դադարեցնել կառավարությանը քննադատողների հետապնդումը»,-ասել է Կոմիտեի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատակից Մուզաֆեր Սուլեյմանովը:

 

Մամուլի հաղորդագրության մեջ նաև հիշատակվում է, որ հոկտեմբերին լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային կոալիցիան Եվրոպայի խորհրդին դիմում էր ուղարկել՝ կոչ անելով Բաքվից պատասխան պահանջել լրագրողների և իրավապաշտպանների հանդեպ ճնշումների վերաբերյալ: