Եթե առանց ձեռքի ու ոտքի պտղի ախտորոշումը ժամանակին ճիշտ կատարվեր, ապա կլիներ արհեստական ընդհատում. մանկաբարձ
Եթե «Մալաթիա-Սեբաստիա» բժշկական կենտրոնում նորմալ հետազոտություն կատարվեր և ժամանակին ախտորոշվեր առանց ձեռքերի ու ոտքի թաթի լույս աշխարհ եկած երեխայի բնածին արատը, ապա 14-15 կամ մինչև 22 շաբաթականում հնարավոր կլիներ կատարել հղիության արհեստական ընդհատում:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը, ով տեղեկանալով Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած նորածնի մասին, նայել է հղիության ուլտրաձայնային հետազոտության արդյունքները, ծանոթացել հիվանդության պատմությանը:
«Բնական է՝ ծնողների ցանկությամբ և համաձայնությամբ, բժշկական հանձնաժողովով կարելի էր ընդհատել, որովհետև, փաստորեն, հիմա բարոյահոգեբանական ավելի վատ վիճակ է, քան ընդհատելու դեպքում: Որովհետև, փաստորեն, նորածինը կենսունակ նորածին է՝ զարգացման արատներով, որը ցավալի երևույթ է»,-նշեց ՀՀ գլխավոր մանկաբարձը:
Ի պատասխան հարցի, թե ծնողները վերցրե՞լ են արատներով երեխային, նա նշեց, որ իր տեղեկություններով ՝ ծնողները ցանկանում են երեխայից հրաժարվել:
Հիշեցնենք, որ «Իրատես դե ֆակտո»-ն գրել էր, որ Երևանի «Մալաթիա» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել նորածին՝ առանց ձեռքերի և մեկ ոտքի թաթի։ Ծնողները ողջ հղիության ընթացքում տեղյակ չեն եղել երեխայի արատների մասին:
«Կոնկրետ տվյալ արատը բնածին արատների շարքում համեմատաբար հազվադեպ հանդիպող արատներից է: Այն, ինչ ամենից հաճախ հանդիպում է, կոչվում է հիդրոցեֆալիա (գլխուղեղում և ողնուղեղում կուտակված հեղուկի ավելցուկի հետևանքով առաջացած հիվանդությունը, որը լինում է ի ծնե և ձեռք բերովի ), իսկ սա ավելի հազվադեպ հանդիպող արատներից է: Ցավոք սրտի, այդ արատը ժամանակին չի ախտորոշվել: Չնայած կան տվյալներ, որ պայմանավորված պտղի դիրքով, տվյալ պտուղը եղել է հետույքային, և հնարավոր է՝ լիներ բացթողում: Սակայն, բնականաբար, դա ոչ մի բան չի նշանակում, որովհետև մի քանի անգամ է նայվել, այն անպայման պետք է ախտորոշվեր ժամանակին»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը:
Ախտորոշում կատարած բժիշկը հեռացված է աշխատանքից:










