«Տղաները Բաքվից» ՈՒՀԱ-ի թիմի խաղացողներից մեկի տանը 170 կիլոգրամ հերոին է հայտնաբերվել. ԶԼՄ-ներ

16:46 • 31.10.14

Մոսկվայի շրջանի ոստիկանները հատուկ գործողություն են անցկացրել մերձմոսկովյան տներից մեկում, որի ընթացքում սենյակներից մեկում հայտնաբերել են 174 կիլոգրամ թմրանյութ: Դրանից բացի, թմրանյութերի հսկողության բաժնի աշխատակիցները ձերբակալել են վեց մարդու, այդ թվում և հանցախմբի ղեկավարին, գրում է lifenews.ru-ն:

 

Հերոինը փաթեթավորված է եղել 700 փաթեթում, ինչը թմրանյութերի հսկողության ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովի հաղորդմամբ՝ կազմում է մոտ 150 միլիոն չափաբաժին՝ ընդհանուր 500 միլիոն դոլար արժողությամբ:

 

Հանցագործները թմրանյութերը տեղափոխել են Աֆղանստանից, բանանի տուփերի մեջ դրված, մրգերի հետ միասին:
Նշվում է, որ այս գործում ներգրավված է Ուրախների և հնարամիտների ակումբի «Տղաները Բաքվից» թիմի անդամ Իլգար Իմանովը, ով, սակայն, այժմ Թուրքիայում է։ Թմրավաճառների գործունեությանը նրա ներգրավվածությունը դեռ հաստատված չէ: Այսօր նա պետք է վերադառնա Մոսկվա՝ հարցաքննության: Օպերատիվ տեղեկություններով՝ հերոինի վաճառքով զբաղվել են նրա թիկնապահները:

 

Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ տան սեփականատերը ՈՒՀԱ-ի թիմի խաղացող է: Ավելի ուշ հստակեցրել են, որ Իմանովը խաղացել է «Տղաները Բաքվից» թիմում: Ինքը՝ Իմանովը, սակայն, ասում է, որ երբեք չի խաղացել թիմում: