Ամերիկացի բուժքույրը չի ենթարկվել իր նկատմամբ սահմանված Էբոլայի կարանտինին և դուրս է եկել հեծանիվ քշելու (լուսանկարներ)
Ամերիկացի բուժքույր Կաչի Հիքոկսը Սիերա Լեոնեից ԱՄՆ վերադառնալուց հետո բացասական պատասխան է ստացել Էբոլայով վարակված լինելու թեստավորման արդյունքում, գրում է Reuters-ը։
Չնայած դրան՝ Մենի նահանգապետ Փոլ Լեփեյջը կարգադրել էր բուժքրոջը տանը մնալ, մինչև կանցնի Էբոլայի ինկուբացիոն շրջանը՝ 21 օրը։
33-ամյա բուժքույրը, չենթարկվելով կարանտինի հրամանին, դուրս է եկել իր զուգընկերոջ հետ հեծանիվ քշելու, հայտարարելով, որ իր դեմ չկա բացված ոչ մի դատական գործ և կարանտինի օրինական որոշում իր նկատմամբ նույնպես չկա։
Նա ասել է, որ շատ լավ եղանակ է հեծանիվ քշելու համար, և թողնելով լրագրողներին Ֆորտ Քենտ քաղաքի իր տան դիմաց՝ ուղևորվել է 5կմ-անոց հեծանվարշավի։
Այն հարցին, թե ինչու նա չի ենթարկվում նահանգապետի՝ տանը մնալու հրամանին, նա պատասխանել է, որ թույլ չի տա իր քաղաքացիական իրավունքների խախտումը միայն այն պատճառով, որ ենթադրվում է, թե նա հիվանդ է։
Հիքոկսն ասել է, որ իրեն տանը պահելու համար ոչ մի օրինական դատական որոշում չկա և չի կարող լինել, քանի որ գիտական հիմքեր դրա համար չկան։
Ոստիկանությունը կանգնած է եղել կնոջ տան դիմաց, սակայն կնոջը ձերբակալելու իրավունք չի ունեցել, քանի որ նա թեստավորման արդյունքում բացասական պատասխան է ստացել և միանգամայն իրավունք ունի դուրս գալ իր տնից։












