Հրապարակվել են Ռուսաստանում այլատյացության զոհերի մասին տվյալները (լուսանկարներ)
Արմատական այլատյացության հողի վրա հարձակումների հետևանքով ընթացիկ տարում Ռուսաստանում 112 մարդ է տուժել, գրում է lenta.ru-ն՝ «Սովա» իրավապաշտպան կենտրոնին հղումով։
Ընդհանուր առմամբ, այս տարվա սկզբից ռասիստական հիմքով բռնություններից մահացել է 19 մարդ, 93 հոգի վիրավորվել է։
Արմատական այլատյացության հողի վրա հարձակումները գրանցվել են ՌԴ 24 շրջաններում։
Միայն հոկտեմբեր ամսին ծայրահեղ ազգայնականների ձեռքից տուժել է 11 հոգի, ևս 4-ը՝ սպանվել։
Իրավապաշտպան կենտրոնի պնդմամբ՝ հիմնական թիրախը Կենտրոնական Ասիայից և Կովկասից Ռուսաստան եկած մարդիկ են, ինչպես նաև սեռական փոքրամասնություններին պատկանող անձինք։
Քսենոֆոբիան ատելությունն է օտար, անծանոթ, արտասովոր և ուրիշների համար անընկալելի երևույթների նկատմամբ, այդ իսկ պատճառով վտանգավոր է և թշնամական։ Այն կարող է հանգեցնել մի շարք ազգային, կրոնական կամ սոցիալական տարբեր ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների։

















