Ղրիմն ու Արցախը համամետելը ճիշտ չէ.Դավիթ Բաբայանը՝ Նիկոլայ Ռիժկովի հայտարարության մասին
Համեմատել Ղրիմի ու Արցախի պատմությունն ու երկու պետությունը՝ ճիշտ չէ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հայ- ռուսական միջխորհրդարանական համագորակցության հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի՝ Երևանում հնչեցրած հայտարարությանը, թե Ղարաբաղի խնդիրը պետք չէ խառնել Ղրիմի հետ, քանի որ Ղրիմը պատմական ռուսական հող է:
«Մենք հազարամյակներ եղել ենք Հայաստանի բաղկացուցիչ մասը, մենք հանդիսացել ենք հայ մշակույթի, պետականության օրրաններից մեկը, ու բնական է, որ համեմատելն այնքան էլ ճիշտ չէ: Ղրիմն ունի իր յուրահատուկ պատմությունը, այնտեղ նույնպես շատ հին քաղաքակրթություններ են եղել ՝ սկսած սկյութներից, հունական… ու մի 200-300 տարի առաջ էլ դարձել է ռուսական: Եվ եթե խորը մտածում ենք՝ տարբերություններ կան»,-ասաց Բաբայանը:
Սակայն նա ճիշտ չի համարում նաև «Ռիժկովի ասածը» համատեղ քննարկելն ու քննադատելը:
«Մենք տարբեր ենք, բայց դա չի նշանակում, որ Արցախի պատմությունը կամ անցած ուղին կարևոր չէ կամ բավարար չէ, որպեսզի մենք լինենք անկախ պետություն: Իհարկե՝ բավարար է, բավարարից էլ շատ է: Եվ մենք բոլորից շատ հնարավորություններ ու բոլորից շատ իրավունք ունենք՝ լինելու անկախ պետություն»,-ավելացրեց նա:
Tert.am-ը զանգահարեց նաև հրապարակախոս Զորի Բալայանին, ով հայտնեց, որ հարցազրույց չի տալիս ու ավելացրեց, որ ինքն այս թեմայով հոդվածներ ունի:
Պատմության ինտիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ համոզված չէ, որ ամբողջությամբ ճիշտ է մեջբերվել Ռիժկովի խոսքը, նաև նկատել է, որ խոսքի վերջում նա ուղղել է իրեն, ուստի հակված չէ Հայաստանի ազգային հերոսի մասին դատողություններ անել՝ հստակ չիմանալով, որ նա հենց այդպես է ասել:










