Ռիժկովը ղալլաթ է արել. մտավորականների արձագանքը Ն. Ռիժկովի՝ Ղարաբաղի հարցը տարբեր է Ղրիմից, արտահայտությանը

15:01 • 01.11.14

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Նիկոլայ Ռիժկովի հայտարարությունը, թե Ղրիմը հնուց ի վեր ռուսական հող է, մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակը պետք է հստակեցվի, և եթե այն հայկական կլինի, ապա իրենք միայն ուրախ կլինեն, որ այն նույնպես կարող է դառնալ ԵՏՄ անդամ, ասաց. «Ռիժկովը ղալլաթ է արել, որ նման բան է ասել»:


Սակայն միևնույն ժամանակ, բանաստեղծը գտնում է, որ Հայաստանն առանց Ռուսաստանի ապրել չի կարող: «Անկախ նրա հայտարարությունից՝ ռուսական կողմի բոլոր այցերը Հայաստան դրական են, իսկ Ռիժկովը Հայաստանի բարեկամն է: Հայաստանը մի կաթիլ է մուսուլմանական օվկիանոսում, և հիմա մենք պետք է աղոթենք, որ Ռուսաստանը չթուլանա և շատ լավ է, որ մեր ու Ռուսաստանի շահերը համընկել են»,- նշեց Արտեմ Հարությունյանը:

 


Ասուլիսին մասնակից երաժիշտ Արտավազդ Բայաթյանն էլ ասաց, թե Ռուսաստանի իշխանությունները միշտ էլ առանձնացել են իրենց իրարամերժ արտահայտություններով: «ՌԴ-ն անընդհատ ասում է՝ սա այլ հարց է, նա այլ հարց է: Հիմա էլ ասում է Ղարաբաղի հարցը տարբեր է Ղրիմից, ինչո՞վ է տարբեր: Սա այն կերն է, որով մեզ միշտ կերակրում են, իսկ մենք կշտանում ենք»,- նկատեց նա:


Երաժշտի կարծիքով՝ մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչ է անկախությունը, և մեր բոլոր լծակները վաճառեցինք Ռուսաստանին: «Այնքան փոքրացրեցինք մեր ազդեցության շրջանակը, մենք ամեն ինչ վաճառեցինք, մենք ազդեցություն չունենք, ոչինչ չունենք»,- ասաց Արտավազդ Բայադյանը:


Ասուլիսի երրորդ բանախոսը՝ գրականագետ, գրող Դավիթ Գասպարյանն էլ անդրադառնալով Ռիժկովի հայտարարությանը՝ ասաց հետևյալը. «Որքան էլ Ռուսաստանը մեր բարեկամ պետություն է, ռուս պաշտոնյաներն արդյո՞ք այդպես կխոսեն Ադրբեջանոմ: Մենք անկախություն ու ազատությունը վաճառեցինք և դեռևս կայսրական մտածողությունը շարունակում է իշխել, մենք կողմ ենք բարեկամության, բայց մեզ մոտ միակողմանի բարեկամություն է»: