Ինդոնեզացի դիսպետչերները մի քանի ժամով կորցրել են կապը Գերմանիայի արտգործնախարարի ինքնաթիռի հետ

16:23 • 02.11.14

Ասիա այցելություններ կատարող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ինքնաթիռը շաբաթ օրը մի քանի ժամով կորել է ավիադիսպետչերների ռադարներից, գրում է ТАСС-ը՝ հղում անելով Bild թերթին:


Գերմանական դիվանագիտության ղեկավարը շաբաթ օրը A340 կառավարական օդանավով մեկնելիս է եղել Հարավային Կորեայի մայրաքաղաքից ինդոնեզական Ջակարտա, որին հասնելու համար պահանջվում է յոթ ժամ թռիչք: Քանի որ ճանապարհին կայծակներ են եղել, օդաչուն որոշում է կայացրել փոխել ուղեգիծը:


Մինչ այժմ անհայտ պատճառներով Ջակարտայում դիսպետչերները կարծել են, որ Շտայնմայերի ինքնաթիռը հետ է շրջվել և գտնվում է Բեռլին տանող ճանապարհի վրա, գրում է Bild-ը: Դրանից հետո նրանք կորցրել են օդանավը:


Այդ մասին տեղյակ է պահվել Ինդոնեզիայում Գերմանիայի դեսպանատանը: Դիվանագիտական առաքելության ղեկավար Գեորգ Վիտշելը կապվել է Բեռլինի կառավարության հետ, սակայն ոչ ոչ չի կարողացել հստակ պատասխան ստանալ հարցին, թե որտեղ է այժմ նախարարը և ինչու է նա թռչում Բեռլին:


Վայրէջքից ընդամենը 40 րոպե առաջ Ջակարտայի դիսպետչերները կրկին տեսել են ինքնաթիռը ռադարներում և տեղեկացրել այդ մասին դեսպանատանը: