Եվրախորհրդարանում Դոնեցկի և Լուգանսկի քվեարկությունը «կեղծ ընտրություններ» են անվանել

14:32 • 02.11.14

Եվրամիությունը չի ճանաչում կիրակի օրը ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում անցկացվող ղեկավարների և խորհրդարանների պատգամավորների ընտրությունները: Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի հարցերով Եվրախորհրդարանի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, հաղորդում է ТАСС-ը:


«Եվրամիությունը չի ճանաչում այդ կեղծ ընտրությունները, որոնք անցկացվում են ուկրաինական սահմանադրության խախտումով և այդ պատճառով անօրինական են: Բացի այդ, այդ ընտրությունները ամբողջապես հակասում են Մինսկի արձանագրության ոգուն և միտված են Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորման տապալմանը»,- ասել է նա «Պրեմիեր» ռադիոկայանի եթերում:


Ավելի վաղ այս շաբաթ ԵՄ-ում հայտարարել են, որ Եվրամիությունը ցավում է Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում ընտրությունները ճանաչելու մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ: ԱՄՆ պետդեպարտամենտում նույնպես հայտարարել են, որ Վաշինգտոնը չի ճանաչում ընտրությունները: