Ուկրաինայում քրգործ է հարուցվել Դոնեցկում և Լուգանսկում անցկացվող ընտրությունների փաստի առթիվ

16:03 • 02.11.14

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ընտրությունների անցկացման առթիվ: Այդ մասին հաղորդվում է Facebook-ում Ուկրաինայի անվտանգության խորհրդի էջում, տեղեկացնում է ТАСС-ը:


«Քրեական գործը հարուցվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 109-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հիմքով (սահմանադրական կարգը բռնի կերպով փոփոխելուն և տապալելուն ուղղված գործողություններ կամ պետական իշխանության հափշտակում)»,- ասված է հաղորդագրությունում:


Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախագահի խորհրդական Մարկիան Լուբկիվսկիի խոսքերով՝ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հակառակ Ուկրաինայի Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգի այդ շրջանների առանձին տարածքներում իշխանության անօրինական մարմինների ընտրությունների անցկացման միջոցով իրականացրել են գործողություններ, որոնք ուղղված են պետական իշխանության հափշտակմանը: