Բրյուսելում Էբոլայի կասկածանքով Սիերա Լեոնեից ժամանած ուղևոր է հոսպիտալացվել
Էբոլայի կասկածանքով Բրյուսելի մասնագիտացված հիվանդանոց է տեղափոխվել Սիերա Լեոնեից ժամանած ուղևոր, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«Բրյուսելի ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի անդամները բացահայտել են հիվանդին թռիչքի ընթացքում և մեկուսացրել նրան մյուս ուղևորներից: Բրյուսելի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքից հետո հիվանդին դիմավորել է շտապօգնության ջոկատը, որը շտապ նրան տեղափոխել է բուժհաստատություն:
Թե արդյոք ուղևորը հիվանդ է Էբոլա վիրուսով, կպարզվի առաջիկա օրերին, երբ հայտնի կդառնան նրանից վերցված անալիզի արդյունքները: Ուղևորի ազգությունը չի հաղորդվում:
Բելգիայում ավելի վաղ հնարավոր վարակման մի քանի դեպք է արձանագրվել, սակայն բոլոր հետազոտությունները բացասական արդյունք են տվել:










