ՌԴ-ն զորքեր է տեղակայում Ուկրաինայի հետ սահմանին՝ Դոնբասում ընտրությունների պատճառով. ԱՄՆ
Ռուսաստանը կրկին իր զորքերն է տեղակայում ուկրաինական սահմանին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում նոյեմբերի 2-ին անցկացված ընտրությունների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը կից ազգային անվտանգության հարցերով խորհրդի ներկայացուցիչ Մարկ Ստրոխը, հաղորդում է korrespondent.net-ը:
«Մենք զգուշացնում ենք Ռուսաստանին չօգտագործել նման անօրինական քվեարկությունը որպես առիթ Ուկրաինա հավելյալ զորք և ռազմական սպառազինություն մտցնելու համար, հատկապես վերջին վկայությունների ֆոնին, որ ռուսական բանակը կրկին առաջ է բերում իր ուժերն Ուկրաինայի արևելյան շրջանների երկայնքով սահմանին»,- ասել է Ստրոխը:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, նոյեմբերի 2-ին Դոնբասում անցկացվել են ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարների ընտրությունները: Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր հերթին քրեական գործ է հարուցել Դոնբասում ընտրությունների անցկացման փաստի առթիվ:










