Սահմանադրությունն առաջնահերթ արժեհամակարգային մոտեցում է. Գագիկ Հարությունյան

12:09 • 03.11.14

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնը համատեղ կազմակերպել է միջազգային համաժողով «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով: Համաժողովի բացմանը ներկա էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով իր խոսքում կարևորեց նման համաժողովները և հարցը շատ հրատապ համարեց:

«Սահմանադրությունը դա առաջնահերթ արժեհամակարգային մոտեցում է»,-ասաց նա:


Նա ողջունեց, որ այսպիսի կոնֆերանսներն ուղղված են թեմատիկայի համակողմանի բացահայտմանը: «Սահմանադրական զարգացումների տրամաբանությունը այս վերափոխվող հասարակական համակարգերում ոչ միայն փիլիսոփայական, իրավափիլիսոփայական, քաղաքագիտական, սոցիոլոգիտական տարբեր երանգներ, խնդիրներ ունի, այլ պահանջում է դրան համադրված վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի հասարակությանը և քաղաքական ուժերին տրամադրել գիտական որոշակի դոկտորինաներ, մոտեցումներ»,-ասաց Գագիկ Հարությունյանը և նշեց, որ դա կօգնի ինստիտուտներին, որ խնդիրների լուծումը լինի խորը գիտական մոտեցումները հաշվի առնելով, ինչի արդյունքում էլ հաջողությունները երաշխավորված կլինեն:


ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ որպես նախարար ուրախ է փաստել, որ Բրյուսովի անվան համալսարանը՝ լեզվահասարակագիտական համալսարանի կարգավիճակ ստանալով նախաձեռնել է նման կոնֆերանս: Նա ողջունեց, որ բուհական համակարգը փորձում է արդիական լինել հասարակական զարգացումների նկատմամբ:


«Որպես քաղաքական գործիչ ասեմ, որ ակնհայտ է, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթը ենթարկվում է երկու տեսակ քննարկումների՝ իրավական և քաղաքական»,-նկատեց նախարարը: Նա նշեց, որ Հայաստանը թևակոխել է Սահմանադրության ընկալման երրորդ փուլ, որտեղ հասարակական էլիտան և հասարակությունը իրենք են ընկալում Սահմանադրության կարևորությունը՝ որպես երկրի հետագա զարգացման տեսլականի ամրագրում:


Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտն իր խոսքում նշեց, որ մի շարք երկրներ՝Վրաստանը, Ուկրաինան,Մոլդովան ևս անցնում են բարեփոխումների ճանապարհով: «Շատ կարևոր է միասին քննարկել մյուսների փորձը»,-ասաց նա:


Կոնֆերանսին իր զեկույցով հանդես եկավ համալսարանի դասախոս, նախկին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: