Մերկելը չի բացառել Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից

12:27 • 03.11.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ-ից՝ ներգաղթյալների հարցով տարաձայնությունների պատճառով, հայտնում են բրիտանական The Guardian-ն ու գերմանական Der Spiegel-ը:

 

Մերկելն այս մասին ասել է Բրիտանիայի վարչապետի հետ զրույցում: Նա, մասնավորապես, ասել է, որ ավելի կգերադասեր, որպեսզի Բրիտանիան դուրս գար ԵՄ-ից, քան ԵՄ-ի ներսում կանոններ փոխվեին, որոնք վերաբերում են ազատ տեղաշարժին:

 

Օրերս հայտնի էր դարձել, որ Բրիտանիայի վարչապետն ուսումնասիրում է՝ արդյոք Լոնդոնը կարող է արտաքսել այն ներգաղթյալներին, որոնք գալիս են այդ երկիր, բայց չեն կարողանում երեք ամսվա ընթացքում ապահովել իրենք իրենց:

 

Հոկտեմբերի վերջին ԵՄ-ի և Բրիտանիայի միջև հարաբերությունները լարվել էին, երբ կառույցը Լոնդոնից պահանջել էր 2,1 մլրդ եվրո վճարել ԵՄ-ին մինչև դեկտեմբերի 1-ը. ԵՄ-ում կարծում են, որ Բրիտանիայի տնտեսության վիճակը բարելավվել է, և այդ երկիրը պետք է ավելի շատ գումար վճարի ԵՄ-ի բյուջեն ձևավորելու համար: Բրիտանիան համաձայն չէ, ինչի մասին հայտարարելիս Քեմերոնը Բրյուսելում ձեռքով հարվածել էր ամբիոնին, ասել, որ նման բան տեղի չի ունենա:

 

Ռուսական ԶԼՄ-ները նույն առիթով նշում են, որ ըստ հարցումների՝ բրիտանացիների մեծ մասը դեմ չէ ԵՄ-ից դուրս գալուն: