Իրաքի արևմուտքում ԻՊ-ի ահաբեկիչները սպանել են սուննի ցեղի 322 ներկայացուցչի

15:05 • 03.11.14

Իրաքի իշխանությունները հայտնել են, որ Ալ-Բու Նիմր ցեղի 322 անդամ է սպանվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, ներառյալ՝ 50-ից ավելի կին և երեխա, որոնց մարմինները հայտնաբերվել են ջրհորում, գրում է rt.ru-ն։

 

Ցեղի առաջնորդ Շեյխ Նաիմ ալ-Գաուդն ասել է, որ իր ցեղի 75 անդամ սպանվել է կիրակի օրը, երբ փորձել են փախչել «Իսլամական պետության» ահաբեկիչներից։ Նրանց վրա կրակել են, սպանել, ապա նետել են Հադիթա քաղաքի մոտ գտնվող ջրհորը։

 

Նշվում է, որ հոկտեմբերի 30-ին՝ հինգշաբթի օրը, ԻՊ-ը նույն ցեղի 200 անդամ է կոտորել Անբար շրջանում։

 

Նոյեմբերի 2-ին հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել 50 մարդու։ Զանգվածային մարդասպանությունը տեղի է ունեցել Անբար շրջանի Ռաս ալ-Մաա գյուղում։

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծվել է 2006-ին Իրաքում, որը միավորել է իր մեջ 11 ծայրահեղական իսլամական խմբավորումների, ներառյալ՝ «Ալ-Կաիդան»։ 

 

Ահաբեկիչները նաև շարունակում են հզորանալ՝ վաճառելով մշակութային, կրոնական և պատմական շինություններից գողացված ավարը և իրենց կողմից սպանված անձանց ունեցվածքը։