Միխայիլ Զադորնովն այլևս մտադիր չէ ելույթ ունենալ Լատվիայում
Ռուս երգիծաբան Միխայիլ Զադորնովը, քաղաքական նկատառումներից ելնելով, այլևս մտադիր չէ ելույթ ունենալ Լատվիայում: Այդ մասին նա հայտարարել է «Вести сегодня» տեղական թերթին տված հարցազրույցում, գրում է ТАСС-ը:
«Ես Լատվիայում այլևս ելույթ չեմ ունենա՝ քաղաքական նկատառումներով: Որպեսզի չուժեղացնեմ ատելության աստիճանը: Չեմ ցանկանում ավելորդ լարվածություն մտցնել ռուսների և լատիշների առանց այդ էլ լարված հարաբերություններում: Վերջիվերջո ես երգիծաբան եմ, ընդ որում, ինչպես ոմանք կատակում են, չարորակ: Ես ունենում եմ շատ սուր հումորներ: Այդ պատճառով ավելի լավ է ես Ռուսաստանով շրջագայեմ: Ինձ դուր է գալիս դա»,- ասել է նա:
Զադորնովը նաև հիշեցրել է, որ մի շարք այլ ռուս մշակութային գործիչների հետ ներառվել է Ուկրաինայի «սև ցուցակում», և նման որոշումն անվանել է «անվճար փիար»:










