ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս պետք է նախ և առաջ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ թուղթ է ներկայացվում որպես պայմանագիր
Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարգավորման և զարգացման բաժնի պետ Գևորգ Ղուկասյանի և իրավաբանական ծառայության վարչության պետ Սամվել Աղախանյանի՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս պետք է նախ և առաջ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, թե ինչ թուղթ է ներկայացվում որպես պայմանագիր:
Այս մասին նրանք ասացին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Կարևոր է և պարտադիր է հետևել, որպեսզի պայմանագիրը կնքելիս ավտոմեքենայի համարանիշը գրանցված լինի ճիշտ,-ասաց Սամվել Աղախանյանը,– շատ է պատահում, որ վարորդներն ասում են, թե վթարի պահին իր պայմանագրից ընդամենը մեկ կամ մի քանի ժամ էր անցել, բայց դա կապ ունենալ չի կարող: Շատ կարևոր է և պետք է պայմանագիրը կնքելը չթողնել վերջին օրը»:
Իրավաբանական ծառայության վարչության պետի խոսքով՝ շատ է պատահում նաև, որ մեքենայի փաստացի և իրավաբանորեն սեփականատերերի հարցում են լինում խնդիրներ: Այս առումով նա կոչ է անում բոլոր այն անձանց, ովքեր փաստացի սեփականատեր են, բայց իրավաբանորեն սեփականատեր չեն, կամ հակառակը, լուծեն նաև այդ խնդիրը:
«Փոքր պատմությունների՝ մոտ 20 000 դրամ վնասով վթարների դեպքում ավելի լավ է չդիմել ապահովագրական ընկերություններին, քանի որ այս դեպքում գործում է բոնուս-մալուս համակարգը. ճիշտ կլինի չդիմելով՝ մաքուր պահել ապահովագրական պատմությունը»,-ասաց Սամվել Աղախանյանը:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի Կարգավորման և զարգացման բաժնի պետ Գևորգ Ղուկասյանն էլ նշեց, որ իրենք չեն արձանագրել այնպիսի խնդիր, որ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ուշացումով են հասնում դեպքի վայր ու խցանումներ են առաջանում:
«Երևանում սահմանված է 35 րոպե՝ վթարի վայր ժամանելու համար: Եթե սահմանված ժամկետում ԱՊՊԱ ներկայացուցիչը ուշանում է, վարորդները պարտավոր չեն սպասել նրանց, բայց անպայման պետք է արձանագրեն, փաստագրեն վթարը, որպեսզի փոխհատուցում լինի, կամ զանգահարեն ճանապարհային ոստիկանություն»,-ասաց նա:










