Եթե ներդրել ենք պետք է եկամուտներ էլ չէ՞ ակնկալել. Վարդան Այվազյանը Գյումրու տեխնոպարկի մասին

15:57 • 04.11.14

ԱԺ բյուջեի քննարկմանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը դիմելով Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին հարցրեց Գյումրու տեխնոպարկից. «Խոսում ենք ծրագրային բյուջետավորումից, հիմա խոսում ենք տեխնոպարկի մասին, ժամանակին 300 մլն գրանտ վերցրեցինք, դրա վերջը ի՞նչ է լինելու, այսինքն՝ ի՞նչ ենք ունենալու… վերջիվերջո, փող ենք տալիս, սկզբից 300 մլն, հետո իջանք, հետո անցած տարի չտվեցինք, էս տարի 150 մլն ենք տալիս: Դրա արդյունքը վերջնական ի՞նչ ենք ուզում ակնկալել»։


Փոխնախարարը խոսեց քանակական ցուցանիշներից, ըստ որի՝ 300 մասնագետներ են վերապատրաստում, չնայած որ տեսլականն այլ է: «Առաջինը միջավայրի ձևավորումն է, այսինքն՝ այդ արդյունաբերական գոտիներում ինժեներական և տեխնոլոգիական միջավայրի ձևավորումը, որի շուրջ համախմբվում են այն ձեռներեցները, այն երիտասարդները, որոնք որ ցանկություն ունեն զբաղվել ինժեներական կրթությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներով»,- ասաց նա:


Վարդան Այվազյանը հարցն ուղղեց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին, թե տեխնոպարկի 6-7 տարվա գործընթացից ՀՆԱ-ի աճը որքան է եղել:


«Հիմա ՀՆԱ-ում Ձեր ասածներով պետք է աճ ունենանք, սիրուն նկարագրեցիք, բայց բացատրություն պետք է կարողանաք տալ, այն էլ երկու րոպեում: Պարո՛ն Սաֆարյան, Ձեզ է այդ հարցը վերաբերվում՝ տեխնոպարկի ազդեցությունը տնտեսության վրա չկա արձանագրված: Եթե ներդրել ենք, կառուցել ենք, աշխատում է, պետք է եկամուտներ էլ չէ՞ ակնկալել, և «ցեպը» այստեղ փակվում է, իսկ եթե չի փակվում, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ճիշտ եմ չէ՞,ոնց որ: Կխնդրեմ ասեք, ճի՞շտ եմ, թե՞ ճիշտ չեմ»,- կրկնեց նա:


Փոխնախարարը կցկտուր պատասխանեց. «Ճիշտ եք»:


«Շնորհակալ եմ»,- եզրափակեց նա: