ԵՏՄ-ին անդամակցության իրավական կազուսներն ու Կառավարության ապագա ռեբուսները՝ ըստ տնտեսագետի
Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում ի հայտ են գալու իրավական բնույթի կազուսներ, որոնք Կառավարության համար դառնալու են ռեբուսներ: Գրեթե բանաձևի ու բառախաղի սահմանմամբ պետական գնումների ոլորտում անհամապատասխանությունները ներկայացնելով՝ հայտարարեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
Ըստ նրա ներկայացման՝ Հայաստանը ԱՊՀ երկրներից գնումների օրենսդրության մասով (այլ հարց է, որ իրավակիրարկման առումով լրջագույն խնդիրներ կան թե՛ նախկինում, թե՛ հիմա) առաջատարն է: «Եթե նայենք պատրաստվածության աստիճանով մենք մոտեցել ենք Եվրամիության երկրների օրենսդրությանը»,- ասաց նա։
«Միաժամանակ, էս վերջին իրադարձությունները հաշվի առնելով, վեկտորը փոխում ենք և գնում ենք դեպի Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, որոնց օրենսդրությունների կատարելությունների աստիճանն ավելի ցածր է, ինչը հետընթաց է: Ավելին՝ գիտեք, որ «այլ հավասար դեպքերում հիմք է ընդունվում Ռուսաստանի Դաշնության օրենքը, և, կարծում եմ, որ գնումների առումով լրացուցիչ ևս մեկ ռիսկ է առաջանում»,- ավելացրեց տնտեսագետը:
Այսպես. ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության «Գնումների մասին» համաձայնագրի, որին միացել է Հայաստանը, մենք ստանձնում ենք պարտավորություն, որ մեր հայրենական արտադրողների նկատմամբ կիրառենք նույն մոտեցումները, ինչ օտարերկրյա ֆիրմաների հանդեպ: Մինչդեռ ՌԴ-ում պետական գնումների մասին օրենքում հստակ գրված է, որ գնային առաջարկների մեջ 15 տոկոսի չափով գնային նախապատվությունը տրվում է հայրենական արտադրողներին:
«Այսինքն՝ մենք ստեղ իրավաբանական բնույթի կազուս ունենք, որովհետև մենք ստանձնել ենք պարտավորություն, որն ասում է՝ ոչ մի խտրականություն, և գնում ենք մի համակարգ, որն ասում է՝ խտրականություն: Եվ ոնց է լուծելու այս ռեբուսը մեր Կառավարությունը ներկա պահին, բաց է»,- ամփոփեց Արտակ Մանուկյանը:










