Պետական գնումների համակարգում 1 անձից գնումները ոչ միայն շարունակվում են, այլև ավելացել են. տնտեսագետ

13:26 • 04.11.14

Եթե 2011-2013թթ. միջինում շուրջ 65 տոկոսի չափով են մեկ աղբյուրից պետական համակարգում գնումներ կատարվել, ապա 2013 թ. 6 ամիսների ընթացքում՝ 55 տոկոսի չափով (կամ շուրջ 10 000 պայմանագիր):


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով , 2011-2014 թթ. ՀՀ պետական գնումների զարգացման միտումները և դրանց համեմատությունը 2011 - 2013 թթ. նույն գործընթացի հետ:


«Եվ ցավով պետք է փաստեմ, որ ներկա պահին այդ ժամանակաշրջանն ավարտվում է սեպտեմբերով, այնինչ օրենքի պահանջ է, որ 10 օրվա ժամկետում դրանք թարմացվեն», -ավելացրեց Արտակ Մանուկյանը:


Հիշեցնենք, որ գնումների մասին կարծիք կազմելու համար ուսումնասիրվում են մի քանի հիմնական ուղղություններ՝ գնումների արդյունավետությունը, ինտեգրացվածությունը, հաշվետվողականությունը, թափանցիկությունը և կայունությունը:


Ըստ տնտեսագետի` այս տարվա օգոստոսից թափանցիկությունն առհասարակ մղվել է հետին պլան: «Նախկին Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի նշանակմամբ այդ խնդիրները որոշակիորեն բարելավվեցին: Իհարկե, ակնկալում էինք ավելի խորքային բարելավում, բայց որոշակի թափանցիկության խնդիրներ դրվեցին, որոնք, ցավոք, պետք է փաստել, որ օգոստոս ամսվանից սկսված այդ թափանցիկության տվյալներն ընդհանրապես չեն թարմացվում, և էդ թափանցիկություն ասվածն իսպառ բացակայում է»,- ասաց Արտակ Մանուկյանը:


Մերկապարանոց հայտարարություններ չանելու համար նա խորհուրդ տվեց այցելել gnumner.am կայք և համոզվել, որ շահերի բախման վերաբերյալ խորագիրը, որը օրենքի տարր է, վերջին ժամանակներս չի թարմացվում, չնայած բողոքարկման նիստեր լինում են:


Մնացած ուղղություններով ևս լրջագույն խնդիրներ կան, մասնավորապես՝ մենաշնորհային ընկերությունների՝ գնումների պլանավորման, դրա հաշվետվողականության հետ կապված:


2011-ի սեպտեմբերին Հայաստանը անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ինչը ենթադրում է, որ Հայաստանը կարող էր մասնակցել Եվրամիության անդամ երկրների գնումների գործընթացներին:


«Ցավով պետք է փաստեմ, որ գնումների աջակցման կենտրոնը, որը նախկինում գնումների պետական գործակալությունն էր , որը 2011 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո մի փոքր իր գործառույթները փոխեց դեպի ավելի աջակցման կենտրոն, ինքը էս մասով գրեթե ոչ մի աջակցություն չի ցուցաբերում պոտենցիալ աջակիցներին»,- ասաց տնտեսագետը: