Վրաստանը դատապարտել է Դոնբասի ընտրությունները
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի՝ նոյեմբերի 3-ին, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է ընտրությունների անցկացումն Ուկրաինայի հարավ-արևելյան Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, գրում է korrespondent.net-ը:
«Անօրինական այսպես կոչված «ընտրությունների» անցկացումը միջազգային իրավունքի և Ուկրաինայի սահմանադրության նորմերի խախտում է: Նման սադրիչ գործողությունները, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն քաղաքացիների ազատ կամարտահայտման հետ, խոչընդոտում են Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորմանը»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի հայտարարության մեջ:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, կիրակի՝ նոյեմբերի 2-ին, ռուսամետ անջատողականների հսկողության տակ գտնվող տարածքներում անցկացվել են «Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների» ղեկավարների և պատգամավորների ընտրություններ:
Միջազգային հանրությունը և Ուկրաինան չեն ճանաչում տեղի ունեցած ընտրությունները, իսկ Ռուսաստանում հայտարարել են, որ Դոնբասի ընտրությունները համարում են կայացած և կոչ են անում Ուկրաինային անջատողականների հետ երկխոսություն հաստատել:










