Թուրքիան դավաճանում է Ադրբեջանին. թուրք հոդվածագիրը քննադատել է ԼՂՀ այցելած թուրք լրագրողներին

11:58 • 04.11.14

Թուրք լրագրող և BengüTürk հեռուստաընկերության տնօրեն Մուրադ Իդեն խստորեն քննադատել է Արցախ այցելած թուրք լրագրողներին և նրանց մեղադրել է եղբայրական Ադրբեջանին դավաճանելու համար:

 

Իր հերթական հոդվածում Իդեն գրում է.

 

«2015-ի շեմին ենք:

 

Հայաստանն ու հայկական լոբբին, հայկական սփյուռքն ու կազմակերպությունները պարապ չեն մնում:

1915թ.-ի դեպքերի տարելիցին գուցե և ողջ աշխարհը ոտքի կանգնի… Ւսկ մենք ի՞նչ ենք անում կամ ի՞նչ ենք անելու»,- գրում է նա:

 

Իդեն նշել է, թե բավական չէ այն հանգամանքը, որ Թուրքիան այնպիսի իշխանություն ունի, որը դեմ չէ Հայաստանի հետ սահմանները բացելուն, կան լրագրողներ, որոնք այցելում են Լեռնային Ղարաբաղ:

 

Նա ասել է, թե հայերը սիրիական Քոբանին համեմատում են Արցախի հետ, սակայն թուրք լրագրողները չպետք է մոռանան Խոջալուն:

 

«Այդ ամենը քիչ էր, ռեժիսոր Ֆաթիհ Աքընը որոշել է ֆիլմ նկարահանել՝ նվիրված ցեղասպանությանը: Նա չի ամաչում հայտարարել, թե հայերը վաղուց էին թուրքերից նման ֆիլմ սպասում», - գրում է Իդեն՝ նշելով, թե թուրք ռեժիսորը չպետք է մոռանար Խոջալուն:

 

Լրագրողի քննադատության թիրախում հայտնվել է հատկապես ազգությամբ հայ լրագրող, T24 կայքի սյունակագիր Արիս Նալջըին: