Գիտնականները հետազոտել են մարդասպանների վարքը Facebook-ում
Բրիտանացի կրիմինոլոգների խումբը ներկայացրել է աշխարհում առաջին հետազոտությունը, թե ինչպես են սպանության համար դատապարտված մարդիկ օգտագործել Facebook սոցիալական ցանցը հանցագործություններ կատարելու համար: Ընդամենը 2008-2013 թվականների ընթացքում հայտնաբերվել է «Facebook-սպանությունների» 48 դեպք, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Howard Journal of Criminal Justice ամսագրին և Բիրմինգհեմի քաղաքային համալսարանի մամուլի հաղորդագրությանը:
Գիտնականները համաշխարհային ԶԼՄ-ներում 48 սպանությունների մասին հիշատակում են հայտնաբերել, որտեղ սոցիալական ցանցը ակտիվ նշանակություն է ունեցել հանցագործությունը կատարելու մեջ, օրինակ՝ բրիտանացի Ուեյն Ֆորեստերի գործը, ով սպանել է իր կնոջը՝ Էմմային՝ կարդալով նրա հրապարակումները, որտեղ վերջինս ասում էր, որ բաժանվել է և ցանկանում է հանդիպել այլ տղամարդկանց հետ:
Հետազոտողները հայտնաբերել են Facebook-մարդասպանների վեց տեսակ: Առաջին տեսակի ներկայացուցիչներն արձագանքում են սոցիալական ցանցերում հրապարակումներին, ջղայնանում դրանց վրա և դրանից հետո գնում դրանց հեղինակին սպանելու: «Ինֆորմատորները» ցանցի օգնությամբ հայտնում են այլ մարդկանց իրենց հանցավոր պլանների մասին կամ այն մասին, որ նրանք դա արդեն կատարել են իրենց ուժը ցույց տալու համար: «Անտագոնիստները» սկսում են Facebook-ում վիճաբանություններ, որոնք այնուհետև վերաճում են բաց կոնֆլիկտի՝ սպանության սպառնալիքով:
«Երևակայողները» օգտագործում են Facebook-ը իրենց երևակայական աշխարհը ստեղծելու համար, և կարող են դիմել սպանության, երբ երևակայության և իրականության միջև սահմանը լղոզվում է: «Հետապնդողները» կեղծ էջեր են ստեղծում իրենց զոհերին գրավելու և նրանց իրական կյանքում հանդիպելու համար: «Ինքնակոչները» ուրիշի անունից հրապարակումներ են անում, որպեսզի օտար մարդկանց էջերում պարունակվող տեղեկատվության հասանելիություն ստանան:










