Նախագահի կողմից նման մրցանակները համաշխարհային IT քարտեզի վրա Հայաստանի դիրքավորում է. Կարեն Վարդանյան
Տղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի մրցանակն այս տարի շնորհվելու է «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային: Նման մրցանակները, ըստ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, համաշխարհային IT քարտեզի վրա Հայաստանի դիրքավորում է:
«Այն ֆինանսական պարտավորություն չունի, ուղղակի մրցանակ է շնորհում: Պայմանն այն է, որ մրցանակակիրը գալիս է Հայաստան և շփվում տեղի IT ոլորտի, մյուս ոլորտների հետ, և այդ շփումները դրական են: Կարևոր է, որ Հայաստանը նման մրցանակ ունի: Երբ այդ մարդիկ գալիս են այստեղ, կարևոր դերակատարում են ունենում: Անցած տարի ճապոնացին էր մրցանակակիրը, և նա ուր գնում է, Հայաստանն է գովաբանում, կարծես Հայաստանի դեսպանը լինի ՏՏ ոլորտում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Հայաստան գալը մրցանակի պարտադիր պայման է: Հանձնաժողովը որոշում է, թե ամեն տարի ում է պարգևատրում, և դա ՏՏ ոլորտում Հայաստանի դիրքավորման համար շատ կարևոր է. «Երբ Սթիվ Վոզնյակն իր էջում գրում է, որ գնացել է Հայաստան, Հայաստանից նկարներ է տեղադրում իր էջում, պատմում է Հայաստանի մասին, դա միանգամից այնքան գործ է անում Հայաստանի մասին, որ եթե մենք ցանկանայինք ինքնուրույն անել, մեզնից միլիոնավոր գումարներ կպահանջվեր՝ դրա 10 տոկոսն անելու համար»:
Նշենք, որ այդ մրցանակը շնորհվում է 2010 թվականից: Նախորդ չորս մրցանակակիրներն են եղել «Ինտել կորպորացիայի» նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը, «Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը և «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուկիո Մակիմոտոն:
Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը տեղի կունենա Նախագահական նստավայրում՝ նոյեմբերի 11-ին:










