Բժիշկները խորհուրդ չեն տալիս բամբակե փայտիկներով մաքրել ականջները

00:58 • 11.11.14

Ականջի մաքրման համար նախատեսված բամբակե փայտիկներն ու հատուկ սփրեյները չեն խրախուսվում ԼՕՌ մասնագետների կողմից: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն՝ հղում կատարելով yle.fi-ին:


Մասնագետները հիշեցնում են, որ ականջում հավաքվող նյութը պաշտպանում է լսողական ապարատը, և անհրաժեշտության դեպքում ականջները պետք է մաքրի ԼՕՌ մասնագետը:


Mehiläinen-ի հիվանդանոցի փորձագետ, ԼՕՌ մասնագետ Հարի Ռեունանեն նշել է, որ բամբակե փայտիկները ականջում հավաքված նյութն էլ ավելի են խորացնում, թեև արտաքինից ականջն ավելի մաքուր է երևում:


Մարդկային ականջներում հավաքվող նյութը բաղկացած է քրտինքից, ճարպից և մոմե հումքից, և տարբեր մարդկանց մոտ այդ նյութերի հարաբերակցությունը տարբեր է, սակայն գործառույթը մեկն է՝ պահպանել լսողական ապարատը:

Ականջի խոռոչներն այնպես են դասավորված, որ հավաքված ավելորդ նյութը հեռացվում է ինքնըստինքյան, ուստի բժիշկները խորհուրդ չեն տալիս մաքրել ականջները:

 

Բժիշկները խորհուրդ չեն տալիս բամբակե փայտիկներով մաքրել ականջները