Պաշտոնապես ներկայացվել է Microsoft Lumia 535 սմարթֆոնը (լուսանկարներ)
Ամերիկյան Microsoft ընկերությունն իր բրենդի ներքո այսօր պաշտոնապես ներկայացրել է Microsoft Lumia 535 կոչվող երկար սպասված սմարթֆոնը՝ առանց Nokia-ի լոգոյի, գրում է hi-tech.mail.ru-ն՝ microsoft.com-ին հղումով։
Ինչպես նախկինում նշվել էր, Microsoft-ը չի ցանկանում այլևս համագործակցել ֆիննական Nokia ընկերության հետ։
Այն ունի դիմային 5 մեգապիքսել տեսախցիկ, որը նախատեսված է «սելֆիներ» (ինքնալուսանկար) անելու համար։
Նոր բջջայինն ունի նաև 5 դյույմ անկյունագծով IPS 960 х 540 պիքսել լուծաչափով էկրան և բավականին մատչելի գին՝ 140 դոլար։ Նոր Lumia-ն ունի Qualcomm Snapdragon 200 պրոցեսոր 1.200 գՀց հաճախականությամբ և 1 Գբ օպերատիվ հիշողություն։
Այն հասանելի է երկու տարբերակով՝ մեկ և երկու SIM քարտերի հնարավորությամբ։
Նշվում է, որ մարտկոցը բավարար կլինի 78 ժամ անընդմեջ երաժշտություն նվագարկելու, 8.5 ժամ Wi-Fi-ին միացված դիտարկչի անընդմեջ օգտագործման և 6.5 ժամ տեսանյութերի միացման համար։
Հեռախոսը կունենա վերջին Windows Phone 8.1 օպերացիոն համակարգ և Lumia Denim Update կոչվող թարմացում։
Բացի այդ, ներկայացվել են նաև համապատասխան աքսեսուարները՝ Coloud Boom ականջակալներ և The Bang փոքրիկ բարձրախոսներ։
The Bang անլար բարձրախոսները՝ արտադրված Coloud-ի հետ համագործակցության արդյունքում, կշռում են 96գրամ և կարող են առանց լիցքավորման նվագարկել մինչև 8 ժամ։
Coloud Boom ականջակալները նախատեսված են միայն Nokia բջջայինների համար։ Դրանք տարբերվում են իրենց գունային մեծ ու վառ ընտրությամբ՝ դեղին, կարմիր, կապույտ, սև, կանաչ։






































