Caviar ընկերությունը դադարեցրել է Պուտինի պատկերով սմարթֆոնների արտադրությունը

17:40 • 11.11.14

Իտալական Caviar բրենդը դադարեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով ոսկե iPhone սմարթֆոնների արտադրությունն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Պուտինը հավանության չի արժանացնում իր կերպարը կոմերցիոն նպատակներով օգտագործելը, փոխանցում է Лента-ն։

 

Supremo Putin II մոդելը ներկայացվել էր նոյեմբերի 10-ին 169.000 ռուբլի արժողությամբ։ Նույն օրը երկրի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը չի սիրում, երբ իր անունն ու պատկերն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով։

 

«Երբ մեզ հայտնի դարձավ, որ նախագահը դժգոհություն է հայտնել իր դիմանկարի օգտագործման առնչությամբ, մենք անհապաղ դադարեցրինք Caviar Supremo Putin II հեռախոսների արտադրությունը։ Այլևս չի արտադրվի ոչ մի սարք այս շարքից, թեև նախատեսված էր 299 հեռախոսի արտադրություն։ Այդ պատճառով էլ թողարկված թանկարժեք մոդելները կդառնան վերջինը նախագահական շարքում»,- հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Աննա Լոբովան։
 

Caviar ընկերությունը դադարեցրել է Պուտինի պատկերով սմարթֆոնների արտադրությունը