Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունից պարզ կդառնա, որ այն ընդհանրապես զինված չի եղել. ՊՆ խոսնակ
Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտմամբ ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը խոցվել է մեր սահմանի վրա` չեզոք գոտում. Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում այսօր ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի խախտմամբ ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռ է խոցվել։
Նշենք, որ ադրբեջանական կայքերը գրում են, որ ուղղաթիռը խփվել է ադրբեջանական օդուժի տարածքում:
«Իրենք որ ասում են, որ մենք իբր պրովոկացիաներ ենք արել և այլն. դա հերյուրանք է: Նաև չկա դրա տրամաբանությունը: Երկրորդը՝ որ ուղղաթիռի բեկորները ուսումնասիրվեն, պարզ կդառնա, որ ուղղաթիռն ընդհանրապես զինված չի եղել»,–ասաց նա։
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կողմն անընդհատ կրակահերթի տակ է պահում տարածքը և հայկական կողմը չի կարողանում մոտենալ, որպեսզի տեսնի, թե ինչ է եղել անձնակազմի անդամների հետ, արդյո՞ք նրանք զոհվել են, թե վիրավորվել:
Նշենք, որ նախնական տեղեկություններով՝ 3 մարդ է զոհվել, ինչի պարագայում կառաջանա նաև մարմինների հանձնման խնդիրը:
Նշենք, որ սա օգոստոսյան դեպքերից հետո ադրբեջանական առաջին սադրանքն է ու լարվածություն հաղորդելու աննախադեպ փորձ:










