Օգտակա՞ր, թե՞ վնասակար է աշնանային խորը էտը. բուսաբանի ու քաղաքապետարանի կարծիքներն իրարամերժ են

22:43 • 12.11.14

Արդեն մի քանի օր է՝ Երևանում կրկին սկսվել է ծառերի խորը էտը. այս օրերին մայրաքաղաքում կարելի է հանդիպել ծառեր, որոնք որևէ ճյուղ չունեն: Որքանո՞վ է ճիշտ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից իրականացվող սեզոնային խորը էտը. Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Էլեոնորա Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան այս հարցի ասաց, որ ամբողջ աշխարհում այլևս խորը էտ չեն կատարում, որովհետև խորը էտի ժամանակ ավելի հաճախ վնասում են ծառը:


«Բոլորը հասկանում են, որ յուրաքանչյուր ծառի պետք է առանձին վերաբերմունք ցույց տալ, բացի քաղաքապետարանից: Չի կարելի բոլոր ծառերը միանման շարքով էտել, ինչպես հիմա անում են: Օրինակ` տարիներ առաջ Արամ Խաչատրյանի արձանի առջևի սոսիները էտեցին և երկու ծառերից մեկը գրեթե մեռած է, մյուսն էլ շատ խեղճ վիճակում է»,-ասաց նա:


Էլեանորա Գաբրիելյանը նաև սխալ համարեց աշնանային էտը՝ նշելով, որ ձմռանը ծառերը «խեղճանում» են:


«Աշնանը խորը էտերից հետո նոր դուրս եկած ճյուղերը շատ շուտ կարող են հիվանդանալ, դիմացկուն չեն լինում և սպիտակ փառով են հաճախ ծածկվում. դա հիվանդություն է և ծառը կարող է մեռնել: Նման բան եղել էր դեպի Զվարթնոց տանող ճանապարհի ծառերի հետ»,-ասաց նա:


Tert.am-ը հարցի շուրջ խոսեց նաև Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Սուրեն Մաքսապետյանի հետ: Վերջինս ընդգծեց, որ անգամ գրականության մեջ նշված է, որ խորը էտը երիտասարդացնում է ծառը, և այն թույլատրելի է աշնանը:


«Ընդհանրապես գոյություն ունեն էտման տարբեր ձևեր։ Ներկայումս Երևանում իրականացվում է աշնանային սանիտարական և ծառերի երիտասարդացում, ինչը հենց ծառերի խորը էտն է: 20 տարի է՝ ես այս աշխատանքն եմ կատարում, միշտ այս հարցը քննարկվում է: Ասեմ, որ Երևանի քաղաքապետարանին կից գործող բնապահպանական հանձնաժողովը, որի նախագահն է Կարինե Դանիելյանը, դրական կարծիք է տվել թեղիների խորը էտմանը: Խորը էտման վերաբերյալ հավաքել ենք նաև տարբեր գիտնականների դրական կարծիքներ: Բացի այդ, գոյություն ունի գրականություն այն մասին, որ խորը էտի ենթարկված ծառը ապահովում է իր սաղարթը»,-ասաց նա:


Սուրեն Մասքապետյանը նաև նշեց, որ Երևանում խորը էտման ենթարկվում են միայն թեղիները և բարդիները. վերջիններին էտում են հատկապես վթարայնությունից խուսափելու համար, քանի որ քամիների ժամանակ հաճախ տապալվում են:


«Թեղիներն էլ էտում ենք այն պատճառով, որովհետև ամենավարակվող, վնասատուներով լի ծառատեսակն է: Խորը էտմամբ կանխում ենք այդ վարակը և նրանց հետագա կենսունակությունն ենք ապահովում: Սոսիները չենք էտում, միայն այն ժամանակ, երբ վթարային իրավիճակ կարող են առաջացնել»,-ասաց նա:


Սուրեն Մաքսապետյանը նաև ընդգծեց, որ քաղաքային պայմաններում ծառատեսակներն ավելի շուտ են ծերանում ու մահանում, քան բնական պայմաներում, ուստի խորը էտի ընթացքում կարելի է խթանել ժամանակից շուտ ծերացող և մահանալու եզրին գտնվող ծառերի կենսունակությունը:


«Նույն ծառերը ամեն տարի չեն ենթարկվում խորը էտի: Երեք տարի առնվազն պետք է անցնի, որ նորից էտվեն: Գարնանը կատարեցինք Թումանյանի թեղիների խորը էտ, և կարող եք տեսնել, թե որքան գեղեցիկ սաղարթ է ձևավորվում»,-ասաց նա:


Հարցին, թե ինչ են անում էտած ճյուղերի հետ, պաշտոնյան պատասխանեց, որ յուրաքանչյուր վարչական շրջան կուտակում է իր պահեստում և վարչական շրջանի ղեկավարությունը անհատույց հատկացնում է կարիքավոր ընտանիքներին: