Հայաստանը պետք է համարժեք և ավելի կոշտ պատասխան տա Ադրբեջանին

19:05 • 12.11.14

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական ուղղաթիռ խոցելու դեպքը քաղաքագետ Լևոն Մելիք- Շահնազարյանը որակեց որպես սադրանք և պատերազմական քայլ: Tert.am-ի հետ զրույցում վերջինս ընդգծեց, որ հայկական կողմը Ադրբեջանին պետք է համարժեք և նույնիսկ ավելի կոպիտ պատասխան տա:


«Համոզված եմ, որ Ադրբեջանի կողմից սա սադրանք էր, ես ինչքան գիտեմ՝ այդ տարածքում հիմա մարտ է ընթանում ուղղաթիռի համար: Մերոնց բոլոր քայլերը, իմ կարծիքով, պետք է լուրջ ու հստակ արվեն, որովհետև Ադրբեջանը իրավունք չունի ձեռք բերել մեր՝ թեկուզ խոցված ուղղաթիռը»,-ասաց նա:


Լևոն Մելիք-Շահնազարյանն ընդգծեց, որ այս պահին դժվար է ասել, թե Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական քայլը ինչի կհանգեցնի, բայց այս պահին հայկական կողմը պարտավոր է պատասխանել։ «Եթե մենք այսօր իրենց պատասխան չտանք, չենք կարող վստահ լինել, որ վաղը քաղաքացիական ուղղաթիռ կամ ինքնաթիռ չեն խոցի: Սա ուղղակի մարտահրավեր է Հայաստանին, Արցախին, միջազգային հանրությանը, այդ թվում՝ Մինսկի խմբի երեք համանախագահողներին: Ադրբեջանը մի քիչ օգտվում է նրանից, որ Ռուսաստանի քաղաքական վիճակը խառն է և իրականացնում է այսպես ասած՝ հետախուզություն մարտի միջոցով: Ադրբեջանը նույնիսկ իրավունք չունի մտածել, որ կարող է սադրիչ քայլերի դիմել ու չպատժվել»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Նախնական տեղեկություններով զոհվել է 3 մարդ: 

 

Նշենք նաև, որ հրադադարի հաստատումից հետո հրադադարի ռեժիմի խախտման նմանատիպ դեպք չէր գրանցվել:


Գեներալ-գնդապետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, Գուրգեն Դարիբալթայանը Tert.am-ի հետ զրույցում հայկական ինքնաթիռը խոցումը որակեց որպես փաստ, որ պատերազմը չի ավարտվել:

 

«Պատերազմ է գնում, պատերազմում ամեն ինչ կարող է լինել»,-հակիրճ ներկայացրեց գեներալը:

 

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ որևէ մեկը չի կարող ասել, որ պատերազմն ավարտված է. «Մենք պատերազմի մեջ ենք և պետք է այս տեսակի պրովոկացիաներին միշտ պատրաստ լինենք»:

 

Ըստ նրա՝ Ադրբեջանը մնում է իր ոճի մեջ, պրովոկացիա է անում, փորձում է ցույց տալ, որ ոչ միայն դիպուկահարների պատերազմն է շարունակվում, այլ նաև արդեն պատրաստ է օդային պաշտպանության զինատեսակներով կրակել: «Մենք էլ պետք է ամեն ինչին սովորենք, պատրաստ լինենք և, բնականաբար, այդ ամենի պատասխանը պետք է տրվի, մի բան էլ ավել, որպեսզի միշտ գիտակցեն»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, թե ուղղաթիռ խոցելու դեպքն աննախադեպ է, Թևան Պողոսյանը հավելեց, որ գնալով նրանց գործողություններն ամեն տարի ավելի աննախադեպ են դառնում, ամռանը նույն ձևով աննախադեպ էին իրենց դրսևորում. «Այնպես որ, մեկ անգամ ևս պետք է հասկանանք՝ մեր պատերազմն ավարտված չէ»:

 

Ինչ վերաբերում է հայկական կողմի պատասխանին, ապա պատգամավորը հիշեցրեց, որ հայկական կողմի զինվորականների կողմից մշտապես ասվել է, որ ցանկացած նման դեպք պատժվելու է: «Իսկ այս ամենը նշանակում է, որ Ադրբեջանն ավելի ու ավելի է պատրաստվում պատերազմի: Սա ոչ միայն Լեռնային Ղարաբաղի օդուժին վնաս հասցնելն է, այլ նաև ամբողջ միջազգային հանրությանը մեսիջ է, որ Ադրբեջանի միակ նպատակը պատերազմական գործողություններն են, և ինքը դրան է պատրաստ»,-ասաց նա:


ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, Արցախյան պատերազմի մասնակից Վարդան Դևրիկյանը Ադրբեջանի վերջին գործողությունը որակեց իբրև լկտի սադրանք, ցինիզմ կամ զինվորական չգրված օրենքների խախտում: Նա նշեց, որ այստեղից պետք է հետևություն անել, որ նույնիսկ ԼՂՀ տարածքում, եթե որևէ օբյեկտ թռչի, ապա պետք է ունենա հակաօդային կանոնների կամ անվտանգության երաշխիքներ:

 

«Ադրբեջանը սա արեց և միջազգային ասպարեզում մարսելու է, և ինչի էլ մենք դիմենք` արդյունավետ չի լինի: Արդյունավետությունը մեր ուժեղ լինելն է և իրեն վախեցնելն է»,-նշեց Վարդան Դևրիկյանը:

 

Ըստ նրա՝ սա ավելին է, քան սադրանքը, և անպատժելիության մթնոլորտի արդյունքում Ադրբեջանը ցույց է տալիս՝ «ինչ ուզեմ, դա էլ կանեմ», ինչը հայկական կողմը չպետք է թողնի, որովհետև փաստը ցույց է տալիս, որ աշխարհը դա թույլ է տալիս:

 

Ըստ Վարդան Դևրիկյանի՝ Ադրբեջանի կողմից սա ուժի ցուցադրում է: «Ադրբեջանը յուրաքանչյուր առիթ օգտագործում է մի նոր լարվածության ալիք առաջացնելու համար»,-ասաց նա և նշեց, որ այս դեպքից քաղաքական հետևություններ անելուց բացի, պետք է ռազմատեխնիկական առումով հայկական կողմը աշխատի անխոցելի լինել` թե ցամաքում, թե օդում:

 

«Սա մեր զգուշության նոր հարթության որակ է ստեղծում, որը պետք է հաղթահարել»,-ասաց նա:

 

ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ադրբեջանն արել է այն, ինչ բնորոշ է այդ երկրին. «Ի՞նչ մի արտառոց բան է եղել, որ իրենց բնորոշ չէ: Արել են այն, ինչ բնորոշ է իրենց»։

 

Ի պատասխան դիտարկման, որ այնուամենայնիվ, ուսումնավարժական թռիչքի ժամանակ առաջին անգամ է հայկական ուղղաթիռ խփվում, պատգամավորը նկատեց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե տականքությունը, ստորությունը ի՞նչ չափանիշ ունի: Ասենք՝ ավելի քիչ տակա՞նք, ավելի քիչ՝ ստորությու՞ն: Այսինքն՝ այդ ազգը միշտ կրկնում է իրեն բնորոշ քայլերը: Բա ոնց, բա իրենք էդ են»: