Կրթության գերազանցության ազգային ծրագրի նպատակն է ունենալ միջազգայնորեն ճանաչելի կրթական պլատֆորմ
Մատենադարանի նիստերի դահլիճից այսօր մեկնարկեց «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» առաջին հանրային լսումները, որոնք կշարունակվեն ՀՀ բոլոր մարզերում և Արցախում: Ծրագիրը պետք է կյանքի կոչվի Կրթության և գիտության նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով:
Այսօր դահլիճում հավաքված արվեստի, կրթության ոլորտի ներկայացուցիչներին ծրագիրը ներկայացրեց «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և նշեց, որ Կրթության գերազանցության ազգային ծրագիրն ըստ արժանվույն կյանքի կոչելու համար հայ մասնագետներին օգնելու են Քեմբրիջի համալսարան մասնագետներն ու Լոնդոնի կրթության ինստիտուտը:
«Քեմբրիջի համալսարանը աշխարհի 25 երկրներում իրականացրել է կրթական բարեփոխում: Ծրագրի վերջնական նպատակն է ունենալ միջազգայնորեն ճանաչելի կրթական պլատֆորմ և միջազգային որակավորում ունեցող ուսուցիչների համայնք»,-ասաց նա:
Տեր Մեսրոպն ընդգծեց, որ ծրագրով նախատեսվում է ՀՀ դպրոցներում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր՝ «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) և պատրաստել այդ ծրագրին համապատասխան որակավորում ունեցող ուսուցիչներ:
«Ծրագրի հենց առաջին փուլում նախատեսվում է ուսուցիչների վերապատրաստումը, որից հետո 12 ավագ դպրոցներում՝ երկուսը Երևանում, մեկական՝ յուրաքանչյուր մարզում և մեկ դպրոց էլ՝ Արցախում, կսկսենք ծրագիրը: Մինչև 2023թ.-ը Արարատյան բակալավրիատը մտնելու է բոլոր ավագ դպրոցներում առնվազն մեկական հոսքային դասարաններում: Մենք նախնական պատրաստելու ենք 2000 ուսուցիչ, որոնք կկարողանան այս ամենը իրականացնել և վերջնական արդյունքում կունենանք 20 հազար վերապատրաստված ուսուցիչ»,-ասաց նա:
Տեր Մեսրոպն ընդգծեց, որ ծրագրի միջոցով հասարակության մեջ պետք է բարձրացվի ուսուցչի դերը և համբավը: Նա նաև նշեց, որ ուսուցչի աշխատանքը պետք է նաև նյութապես գրավիչ լինի, որպեսզի լավագույն մարդկային կապիտալը ուղղվի դպրոց:
«Մենք նախատեսում ենք սերտ համագործակցություն կրթական բարձրագույն հաստատությունների հետ, որոնք պատրաստում են ուսուցիչներ, և այս ուղղությամբ մենք նոր նախաձեռնություններով ենք հանդես գալու, փորձելու ենք նոր ծրագրեր մշակել»,-ասաց նա:
«Կրթության գերազանցության ազգային ծրագրի» առաջին հանրային լսումներին ներկա էր նաև Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը հավանում է ծրագիրը, բայց կա մի խնդիր՝ արդյո՞ք պետությունը ամբողջությամբ կֆինանսավորի մեծ ծախսեր պահանջող այս ծրագիրը:
«Այս ծրագրում ԿԳՆ-ի պարտականությունների մեջ գրված է՝ ծրագրի իրականացման ֆինանսավորում: Սա մեծ թվերի մասին է խոսքը, հիմա ես հարց տվեցի, թե արդյո՞ք Կառավարությունը պատրաստվում է ամբողջությամբ ֆինանսավորել, հատկապես, որ 2015թ. բյուջեով կրթությանը տրամադրվող գումարները պակասելու են.. Բայց, ամեն դեպքում, ես տեր Մեսրոպին հավատում եմ, իր կազմակերպական ու կառավարչական հմտություններին վստահում են ու հուսամ՝ ինքը վերհայաստանյան մի բան պետք է ստեղծի»,-ասաց նա:
Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ նմանատիպ ծրագիր է իրականացվել Ֆինլանդիայում, որտեղ ծրագրի մասին խոսող պաշտոնյաները խիստ խանդավառված են եղել, ինչը չի տեսնում այստեղ՝ բացառությամբ «Այբ» կրթահամալիրի մասնագետների:
ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ նկատեց, որ ծրագիրը լավն է, բայց նմանատիպ բազմաթիվ փայլուն ծրագրեր են կիսատ մնացել:
«Եթե մենք իսկապես հարուստ ու կայացած երկիր լինեինք, սա կարող էր կյանքի կոչվել, բայց ես գիտեմ, թե ինչպիսի փայլուն նախաձեռնություններ են կիսատ մնում: Տա Աստված, որ սա իսկապես կյանքի կոչվի»,-ասաց նա:
Այնուհետև Նիկոլայ Ծատուրյանը ծրագրի մի թերի կողմ մատնանշեց. «Մի բան ինձ տարակուսանքի բերեց, հասկացանք՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բայց մշակույթի մասին՝ ոչ մի խոսք: Հայաստանը աշխարհում, եթե մի բանով պետք է աչքի ընկնի, ուրեմն հաստատ մշակույթը դրա մեջ մտնում է: Մշակութային կրթություն ներառված չէ այս ծրագրում, որը շատ կարևոր է մարդու գեղագիտական ձևավորման համար, նրա ճաշակի վրա: Հենց դպրոցում պետք է այս հիմքերը դրվեն: Հա, շատ լավ է, թող լինեն լավ մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ, քիմիկոսներ, ես դեմ չեմ, բայց եթե գիտնականը բոբիկ է մշակույթի առումով, ուրեմն կես մարդ է»:
«Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ մինչև հասարակության շրջանում չձևափոխվի վերաբերմունքը, հարգանքն ու պատկառանքը կրթական համակարգի ու ուսուցչի նկատմամբ, ոչ մի բան հնարավոր չէ փոխել:
«Այս ծրագիրը բավականին լայնածավալ նկրտումներ ունի խորքային փոփոխությունների հասնելու առումով։ Նաև, ճանաչելով այն մարդկանց, ովքեր կանգնած են ծրագրի հիմքում, կարծում եմ, որ նախադրյալները բավականին լուրջ են, և պետք է, որ հաջողություն ունենա: Քանի դեռ մեր կրթական համակարգը տապալված է, Հայաստանի լուսավոր ապագայի մասին խոսելը, կարծում եմ, հնարավոր չէ»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ բազմաթիվ լավ ծրագրեր ի վերջո կյանքի չեն կոչվել, Գինոսյանը պատասխանեց. «Սեփական փորձից ելնելով՝ սկսել եմ չհավատալ խոսող մարդկանց, որոնք փայլուն ծրագրեր են ծրագրում, ու դա այդպես էլ մնում է թղթի վրա։ Սկսել եմ հավատալ մարդկանց, ովքեր թեկուզ մի փոքր ծրագիր են մշակում ու կյանքի կոչում»:










