ԱՄՆ-ն ինքնաթիռների օգնությամբ բջջայիններից տվյալներ է հավաքում. ԶԼՄ-ներ

09:44 • 14.11.14

ԱՄՆ իշխանություններն ամերիկացիների բջջային հեռախոսներից տվյալներ են հավաքում հատուկ սարքավորման օգնությամբ, որը տեղադրված է թեթևշարժիչային ինքնաթիռներում և որոնք նման են բջջային կապի աշտարակների, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Այդ մասին թերթը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից:

 

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության դատական կարգադրիչների ծառայության կողմից 2007 թվականից: Սարքավորումը, թերթի տեղեկություններով, տեղադրված է Cessna ինքնաթիռներում, որոնք թռիչքներ են իրականացնում ԱՄՆ տարբեր մասերում գտնվող հինգ խոշոր օդանավակայաններից:

 

Տվյալ սարքավորումը, որը ստեղծել է Boeing կորպորացիան, գործում է բջջային աշտարակների սկզբունքով և թույլ է տալիս մեկ թռիչքի ընթացքում տասնյակ հազարավոր բջջային հեռախոսներից հավաքել գրանցման տեղեկությունը՝ ֆիքսելով դրանց սեփականատերերի գտնվելու վայրը մինչև երեք մետր հստակությամբ: Ընդ որում՝ սարքավորումը թույլ է տալիս նաև հեռակա կարգով արգելափակել հեռախոսից եկող ազդանշանը և պատճենել տվյալները, ներառյալ՝ sms-հաղորդագրություններն ու լուսանկարները:

 

Ծրագրի շնորհիվ դատական կարգադրիչները հետևում են անձանց, ովքեր քննության տակ են գտնվում, այդ թվում՝ մարդասպաններին և թմրավաճառներին: Սակայն այդ ընթացքում գերատեսչության հսկողության տակ են հայտնվում տեղեկություններ նաև այն անձանց մասին, որոնք ոչ մի բանի համար չեն կասկածվում:

ԱՄՆ-ն ինքնաթիռների օգնությամբ բջջայիններից տվյալներ է հավաքում. ԶԼՄ-ներ