Բջջային կայան՝ բնակելի տան տանիքին. բնակիչները բողոքում են՝ Beeline-ը կվնասի մարդկանց առողջությունը
Կոտայքի մարզի Զովունի գյուղի մի խումբ բնակիչներ բողոքում են, որ Beeline ընկերությունը կայան է տեղադրում գյուղի բնակիչներից մեկի տանիքին, ինչը չափազանց մոտ է բնակելի տներին:
Գյուղի բնակիչ, ուսուցչուհի Լյուդա Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ տարածքի բոլոր բնակիչները մտահոգված են, որ կայանից ճառագայթներ են արձակվելու, ինչը վնասակար է մարդկանց առողջությանը: «Տեղադրելու համար ոչ մեկիս կարծիքը հաշվի չեն առել, տեղադրելիս տեսել ենք, որ մի գիշերում այդ կայանը վեր է բարձրացել: Մենք էլ հետաքրքրվել և իմացել ենք, որ դա մարդու առողջության վրա բացասական մեծ ազդեցություն է թողնում»,-ասաց նա:
Վերջինս նաև իր զարմանքը հայտնեց, թե ինչպես կարելի էր բնակելի տներին այդքան մոտ կայան տեղադրել և, առհասարակ, համաձայնել, որ տան տանիքին նման բան արվի:
Բնակիչները չեն հավատում ընկերության ներկայացրած փաստաթղթերին, քանի որ վստահ են՝ դրանք հաստատ օրինական ճանապարհով չեն ձեռք բերվել: «Գիտենք, թե մեր երկրում ինչ է կատարվում, նրանք կարող են կեղծել ամեն ինչ: Ինչպե՞ս կարող է դա չվնասել մարդուն»,-ասաց Լյուդա Պետրոսյանը:
Մեկ այլ բնակիչ՝ Գագիկ Բինաչյանը, նույնպես ասաց, որ իրենց հետ ոչ ոք չի համաձայնեցրել կայանի տեղադրման հարցը: «Ես այդ տարածքում հետագայում պետք է մեղուներ պահեմ, հիմա այդ անտենան որ տեղադրել են, այդտեղ մեղու չի ապրի: Դա մեծ խնդիրներ է ստեղծելու մեզ համար»,-ասաց նա՝ պահանջելով կասեցնել կայանի շինարարությունը:
Բնակիչների բողոքները, սակայն, ընկերությունում չեն հիմնավորում, ավելին՝ փաստաթղթերով ստացված հակափաստարկներ են ներկայացնում:
Ինրպես տեղեկացրեց Beeline-ի մամուլի խոսնակ Տաթև Այրումյանը՝ ցանկացած բջջային կայան տեղադրելու համար սահմանված են հատուկ ընթացակարգեր, և մինչև իրենք չբավարարեն այդ ընթացակարգերի բոլոր պայմանները, որևէ կայան որևէ տեղ տեղադրվել չի կարող: Ընթացակարգերի մեջ առաջին հերթին՝ հենց ներառվում են համապատասխան թույլտվությունները՝ շինարարական թույլտվություն, տվյալ սեփականատիրոջ թույլտվություն, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի թույլտվություն, որով հաստատվում է, որ տվյալ կայանն այն ձևով, որով կառուցված է, որևէ հետևանք չի կարող ունենալ մարդու առողջության վրա:
«Իսկ Զովունիի դեպքում բոլոր թույտվություններն առկա են, վերջնական հաստատումը կլինի այն ժամանակ, երբ ավարտվեն շինարարական աշխատանքները: Բացառվում է, որ դա կարող է ինչ-որ ազդեցություն թողնել մարդկանց առողջության վրա»,-ասաց նա:
Խոսնակը նաև տեղեկացրեց, որ բնակիչներից պաշտոնապես որևէ բողոք չեն ստացել:










