Lenovo-ն կատակել է հաճախորդների հետ՝ իր գովազդային հոլովակում կոտրելով Macbook Air-ը (տեսանյութ)

16:11 • 27.11.14

Lenovo համակարգչային տեխնիկա արտադրող ընկերությունն իր գովազդային հոլովակում կատակել է առևտրի կենտրոն այցելած հաճախորդների հետ՝ ապացուցելու համար, որ իր նոր Yoga 3 համակարգիչն ավելի լավն է, քան Apple ընկերության MacBook Air-ը, գրում է technoguide.com.ua-ն։

 

Հոլովակում երևում է, որ մի երիտասարդ առևտրի կենտրոն այցելած հաճախորդներին խնդրում է մոտենալ տեղադրված ստենդին և ծանոթանալ Lenovo Yoga 3-ին։

 

Տղամարդը վերցնում է Apple ընկերության MacBook Air համակարգիչը և այն ծալում է հակառակ ուղղությամբ, ինչի հետևանքով համակարգիչը երկու մասի է բաժանվում։

 

Նա նաև նույն գործողությունն անում է Yoga 3 համակարգչի հետ, և համակարգիչը, ճկունությամբ առանձնանալով, չի կոտրվում, քանի որ կարող է բեկվել մինչև 180 աստիճան։

 

Ցուցադրությունից հետո տղամարդը փախչում է, և ստենդին մոտենում է մեկ այլ անձ ու, տեսնելով կոտրված համակարգիչը սեղանին, հարցնում է այցելուին, թե ինչու է նա կոտրել MacBook-ը։

 

Այցելուները գլխի չեն ընկնում, որ սա կատակ է և սարսափահար պնդում են, որ իրենք չեն կոտրել սարքը։

 

Որոշ ժամանակ անց մոտենում է անվտանգության աշխատակիցը և է՛լ ավելի վախեցնում հաճախորդներին։ Այնուհետև նրանց հայտնում են, որ տեղի ունեցածը կատակ էր և իրենց նկարահանում էին թաքնված տեսախցիկով։

Lenovo-ն կատակել է հաճախորդների հետ՝ իր գովազդային հոլովակում կոտրելով Macbook Air-ը (տեսանյութ)