Ամերիկացի ուսանողները ստեղծել են «խելացի» ականջակալներ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներ Դենիել Իվոք Լին, Դենիել Սինն ու Դենիել Չեսոն Լին ստեղծել են Hush կոչվող «խելացի» ականջակալները, որի զանգվածային արտադրության համար հեղինակները դրամահավաք են սկսել Kickstarter կայքում:
Ինչպես նշում է huffingtonpost.com-ը, դրանք անլար են, արգելափակում են շրջապատի անցանկալի ձայներն ու միանում օգտատիրոջ սմարթֆոնին՝ 10 ժամից ավելի նվագելով բնության հաճելի ձայներ:
Թեև սարքի արտադրության համար անհրաժեշտ էր 100.000 դոլար, ուսանողները կարճ ժամանակում հավաքել են արդեն 240.000:
Ամերիկացի ուսանողները պատմել են, որ իրենց գյուտը կօգնի մարդուն մեկուսանալ արտաքին աշխարհից և լսել միայն այն ձայները, որոնք նա ցանկանում է:
Ըստ նրանց՝ ականջակալները հատկապես պիտանի կլինեն ճանապարհորդող մարդկանց, ովքեր ուղևորության ընթացքում ստիպված են լինում հանդուրժել կողքի ուղևորի խռմփոցը:
Աղբյուրը նշում է, որ ականջակալների գինը կլինի 149 դոլար. դրանք վաճառքում կհայտնվեն 2015թ. գարնանը:
Հեղինակները նշել են, որ ականջակալները համատեղելի են iOS և Android օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների հետ:










