Sony Pictures-ը ներգրավել է ՀԴԲ-ին համացանցում իր ֆիլմերի պատճենների հայտնվելու վերաբերյալ հետաքննության գործում
Sony Pictures Entertainment-ը ներգրավել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյին ապօրինի վեբ կայքերում իր մի քանի ֆիլմերի, այդ թվում՝ «Էնի»-ի, որի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 17-ին, անօրինական հայտնվելու վերաբերյալ հետաքննության մեջ, գրում է ТАСС-ը:
Ֆիլմերի պատճենների հայտնվելը համացանցում համընկել է անցած շաբաթ Sony կինոընկերության վրա հաքերային հարձակման հետ, սակայն հայտնի չէ, թե արդյոք կապված են երկու դեպքերն իրար հետ, թե ոչ:
Financial Times-ի աղբյուրի տվյալներով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է համացանցում «Էնի», Բրեդ Փիթի մասնակցությամբ «Ցասում», ինչպես նաև «Ուիլյամ Տերներ» ֆիլմերի անօրինական հայտնվելը:
Անցած շաբաթ Guardians of Peace հաքերային խումբը խափանել էր Sony Pictures-ի ներքին համակարգչային ցանցի աշխատանքը՝ մուտք ստանալով էլեկտրոնային նամակագրությանը և այլ գաղտնի տվյալների: Հաքերները հրապարակել են համացանցում ընկերության գլխավոր մենեջերների լուսանկարները և թողել սպառնալիքներով հաղորդագրություններ:










