2015թ. հունվարից «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա կիրականացվեն 5 գիտական ծրագրեր. Սամվել Հարությունյան

13:05 • 03.12.14

2011-2013թթ.. ՀՀ կրթության և գիտության նախարարության և «ՔԵՆԴԼ» կենտրոնի համագործակցությամբ Հայաստանում կառուցված «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա գալիք տարվա հունվարից կիրականացվեն 5 գիտական ծրագրեր, որոնք հաղթող են ճանաչվել նախապես հայտարարված մրցույթում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:


«2014թ-ի դեկտեմբերից արդեն Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի, Երևանի պետական համալսարանի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի և «ՔԵՆԴԼ» ինստիտուտի գիտական խմբերը կսկսեն «ԱՐԵԼ» համալիրում իրականացնել հետազոտություններ մոլեկուլային ֆիզիկայի,նյութագիտության, կենսաֆիզիկայի, կենսաբժշկության, միկրոէլեկտրոնիկայի և արագացուցչային նոր տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրներ»,-ասաց նա:


Սամվել Հարությունյանը նաև նշեց, որ «ԱՐԵԱԼ»-ում ստեղծվել է գիտական սարքաշինության սեկտոր, և հայ գիտնականները նորարական սարքեր են ստեղծում:


«Դրա արդյունքում «ԱՐԵԱԼ»-ի շահագործումից հետո ստացել ենք պատվերներ մի շարք գիտական սարքավորումներ պատրաստելու ուղղությամբ: Գերմանիայի հեղինակավոր DESY արագացուցչային կենտրոնից արդեն ունենք պատվերներ: Այն Եվրոպայի ամենահզոր արագացուցչային կենտրոնն է, և Հայաստանի համար պատիվ է ստանալ նման կենտրոնից գիտական սարքավորումների պատվեր»,-ասաց նա:


Սամվել Հարությունյանը նաև նշեց, որ 2014 թ. հոկտեմբերին ավարտել են բժշկակենսաբանական և միկրոտեխնոլոգիաների գծով փորձարարական կայաններով «ԴԵԼՏԱ» լաբորատորիաների ստեղծման աշխատանքները:


«Մեր գիտնականները նաև որոշակի աշխատանքներ են կատարել Դուբայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, որտեղ Հայաստանը 1993 թ.-ից հանդիսանում է անդամ պետություն: Հայաստանից այս ինստիտուտ են գործուղվել և աշխատում են ԵՊՀ-ի և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցներ, ովքեր ուսումնասիրություններ են անում տեսական ֆիզիկայի, բարձր էներգիաների ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»,-ասաց նա:

2015թ. հունվարից «ԱՐԵԱԼ» արագացուցչի վրա կիրականացվեն 5 գիտական ծրագրեր. Սամվել Հարությունյան