ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն ու Ռուսաստանը գիտական ոլորտում ավելի սերտ կհամագործակցեն. Սամվել Հարությունյան

13:47 • 03.12.14

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո մեծանալու է գիտական ոլորտում համագործակցությունը Ռուսաստանի և ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ: Վերջինս անդրադառնալով հարցին, թե ինչն էր խոչընդոտում, որ ոլորտում մինչև հիմա սկսվեր համագործակցությունը պատասխանեց, որ այն միշտ էլ եղել է, պարզապես դրանք ավելի ինտենսիվ կդառնան:


«Եթե նայենք գիտական որակյալ հոդվածների հրապարակումներին կամ պատենդներին, մենք ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնում ենք Եվրոպայի հետ: Ռուսաստանի հետ համագործակցության տեսակարար կշիռը պակասել է: Բայց կան ոլորտներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեն առաջին հերթին Հայաստանի համար, և այդ ոլորտներում համագործակցությունը Ռուսաստանի ու ԵՏՄ երկրների հետ կուժեղանա»,- ասաց նա:


Սամվել Հարությունյանը նշեց, որ ԵՏՄ-ի շրջանակում նախատեսվում են ծրագրեր, որոնք իրականացվելու են ԵՏՄ անդամ երկրների համատեղ մասնակցությամբ:


«Կարծում եմ, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կլինի ընդհանրացված բյուջե, և այդ ծրագրերի մի մասը մենք կհավակնենք իրականացնել»,- ասաց նա:


Դիտարկմանը, թե մինչ անկախացումը Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցում էին գիտական-ռազմական արդյունաբերության ոլորտում, հնարավոր է նախկին փորձը վերականգնվի, Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Կոնկրետ ծրագրեր Ռուսաստանի հետ մենք միշտ ունեցել ենք, այդ թվում ռազմական ոլորտում: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո դրանք ավելի նպատակային կդառնան: Բնականաբար Հայաստանը այստեղ լուրջ դերակատարում է ունենալու հատկապես՝ այն ֆոնի վրա, որ Ուկրաինան՝ որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, այլևս գոյություն չունի: Այս տեսակետից առաջատար տեխնոլոգիաների ոլորտում հիմնական ռազմավարական գործընկերը դառնում է Հայաստանը, որովհետև մեր տեխնոլոգիական մտքի որակով մենք տարբերվում ենք կառույցին անդամակցող մյուս երկրներից: Մենք այստեղ բավական լուրջ դերակատարում ենք ունենալու»:

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանն ու Ռուսաստանը գիտական ոլորտում ավելի սերտ կհամագործակցեն. Սամվել Հարությունյան